ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները


 |armenpress.am|
19:46 - 12 մայիսի, 2021

ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Մեծ պալատը կուսումնասիրի երկու միջպետական գործերը:

Նշվում է, որ դիմումները վերաբերում են հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողություններին և պարունակում են ռազմական գործողությունների ընթացքում Կոնվենցիայի համատարած խախտումների մասին մեղադրանքներ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային ունեցվածքի ու ենթակառուցվածքների վրա, զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ վատ վերաբերմունք և խեղումներ, գերեվարում և ռազմագերիների շարունակական պահում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանություն ռազմական գործողություններից տուժած տարածքներից:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դիմումը՝ 2020-ի հոկտեմբերի 27-ին:

«Նշված միջպետական գործերի համատեքստում Դատարանը միջնորդություններ էր ստացել՝ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Հաշվի առնելով կարծիքը, որ իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկ է առաջացրել, դատարանը ժամանակավոր միջոց էր նշանակել՝ դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն և Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել ձեռնպահ մնալ որևէ միջոցառումներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարման, այդ թվում ՝ նրանց կյանքը և առողջությունը ռիսկի տակ դնելուն, և կատարել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ 2021-ի մարտի 9-ին Պալատը, որին հանձնարարվել էր փոխադարձ հայցերի քննարկումը, կողմերին տեղեկացրել է, որ գործը կքննի Մեծ պալատը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել