ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ
17:14 - 12 մայիսի, 2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

Պաշտոնական այցով Լիտվայի հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։
 
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
 
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարևորել է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի մարտի 1-ին արդեն ուժի մեջ է մտել։
 
Նաուսեդան Արարատ Միրզոյանին է փոխանցել իր զորակցության խոսքերը 44-օրյա պատերազմի ընթացքում տուժածների ընտանիքներին։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա երկխոսության մակարդակը, ընդգծել է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, և հույս հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կրկին կակտիվանան երկկողմ շփումները։
 
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ առկա իրավիճակը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը ընդգծել է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ ամրագրելու արցախահայերի ինքնորոշման իրավունքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել