35 մարդ սպանվել է Գազայում ու 5-ը՝ Իսրայելում․ իսրայելապաղեստինյան բախումներն ուժգնացել են
09:23 - 12 մայիսի, 2021

35 մարդ սպանվել է Գազայում ու 5-ը՝ Իսրայելում․ իսրայելապաղեստինյան բախումներն ուժգնացել են

Բախումները Իրսայելի ու «Համաս» պաղեստինյան իսլամիստական շարժման միջև ուժգնացել են չորեքշաբթի օրը՝ մայիսի 12-ին, ինչի հետևանքով առնվազն 35 մարդ սպանվել է Գազայում ու 5-ը՝ Իսրայելում։ Սրանք վերջին տարիների ամենաուժեղ օդային հարձակումներն են։  Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Այսօր առավոտյան Իսրայելը հարյուրավոր ավիահարվածներ է իրականացրել Գազայի ուղղությամբ, իսկ իսլամիստական խմբավորումն ու պաղեստինյան այլ գրոհայիններ բազմաթիվ հրթիռներ են արձակել Թել Ավիվի ու Բերշեբայի ուղղությամբ։ Սա ամենաուժգին բախումն է Իսրայելի ու Համասի միջև 2014թ․ Գազայում տեղի ունեցած պատերազմից հետո։ 

Օդային հարձակումներին նախորդել է շաբաթներ տևած լարվածությունը Երուսաղեմում, որը համընկել է մահմեդական Ռամադան տոնի հետ։ Այս ընթացքում բախումներ են եղել իսրայելցի ոստիկանների ու պաղեստինյան ցուցարարների միջև Ալ Աքսա մզկիթի տարածքում ու շրջակայքում։ Այս մզկիթը և՛ հրեաների, և՛ մահմեդականների համար սրբավայր է։ 

Նշենք, որ այս օրերին պետք է տեղի ունենային նաև դատական լսումներ, որոնց հետևանքով հրեա վերաբնակիչների պահանջով կարող էր հնարավոր դառնալ օրենքի ուժով վտարել արևելայան Երուսաղեմում բնակվող պաղեստինցի ընտանիքները։ Դատական լսումները հետաձգվեցին։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել