Դատախազությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել մեքենաների պետհամարանիշերի հափշտակության և շորթման համար |azatutyun.am|
12:20 - 11 մայիսի, 2021

Դատախազությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել մեքենաների պետհամարանիշերի հափշտակության և շորթման համար |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկություն է ներկայացրել Արդարադատության նախարարություն։

Ըստ այդմ՝ դատախազությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 324-րդ [Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը] հոդվածով նախատեսված հանցագործության առարկաների շարքում նախատեսել և հիշյալ հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն սահմանել նաև տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի հափշտակության և շորթման համար:

Դատախազությունը նշում է, որ վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների պետհամարանիշների հափշտակության, այնուհետև նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում պահանջելու կամ առանց նման պահանջի դեպքերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ. և 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երևան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության 306 դեպք: Արձանագրված 306 դեպքերից քրեական գործեր են հարուցվել միայն 42-ով, այն էլ այն դեպքում, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել:

Դատախազությունը պարզաբանում է՝ արձանագրված դեպքերի համեմատ քիչ թվով քրեական գործեր հարուցվելու հանգամանքը պայմանավորված է գործնականում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության որակման հարցի շուրջ առկա տարակարծություններով: Մասնավորապես՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ արարքների կատարմամբ բոլոր դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է գումար, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչև 8 միլիոն դրամի:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով համարանիշի վերականգնման նորմատիվ իրավական ակտերով սահմանված արգելքը, որպես վնաս կարող է դիտարկվել միայն դրա վերականգման համար վճարվելիք գումարը, այն է՝ պետական տուրքը։

Բացի այդ, ինչպես Գլխավոր դատախազությունն է նշում, արարքի որակման առումով որոշակի բարդություն են ներկայացնում նաև այն դեպքերը, երբ հաշվառման համարանիշները հափշտակելուց հետո հանցագործները ավտոմեքենաների վրա թողնում են իրենց հետ կապ հաստատելու համար տվյալներ, որից հետո ավտոմեքենաների սեփականատերերին ներկայացնում են պահանջ՝ որոշակի գումար վճարելու դեպքում դրանք վերադարձնելու մասին: Թեև Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ շորթման դեպքում սպառնալիքը կարող է լինել նաև քողարկված, և տվյալ դեպքում այն կարող ենք դիտարկել որպես սպառնալիք՝ ուղղված գույքի՝ համարանիշի ոչնչացմանը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ համարանիշները հայտնաբերվում են դեպքից անմիջապես հետո: Այդ պայմաններում առաջ է գալիս սպառնալիքի իրական լինելու հանգամանքի գնահատման խնդիր: Այս պայմաններում, ըստ դատախազության, շարունակվող դեպքերը, բացի համարանիշների սեփականատերերին վնաս պատճառելուց, նպաստավոր պայմաններ են ստեղծում նաև այդ համարանիշները այլ, առավել վտանգավոր հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործելու համար:

Դատախազությունը նշում է, որ առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում վերոնշյալ հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը կդառնա առավել թիրախային, կապահովվի իրավական որոշակիությունը և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել