ԵՄ-ն որոշել է այլևս չպատվիրել AstraZeneca պատվաստանյութի նոր խմբաքանակներ |factor.am|
16:28 - 10 մայիսի, 2021

ԵՄ-ն որոշել է այլևս չպատվիրել AstraZeneca պատվաստանյութի նոր խմբաքանակներ |factor.am|

factor.am: Եվրամիությունը որոշել է այլևս բրիտանաշվեդական AstraZeneca ընկերությունից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակներ չպատվիրել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ընկերությունը հենց սկզբից պարբերաբար խախտել է պայմանագիրը և տասնյակ միլիոնավոր չափաբաժիններ չի մատակարարել։

ԵՀ անդամ Թիերի Բրետոնը հայտարարել է, որ հունիսին, գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ԵՄ-ն AstraZeneca-ի հետ նոր պայմանագիր չի կնքի։ Մինչ այդ էլ՝ մայիսի 8-ին, Եվրահանձնաժողովը հայտարարել էր 2021-2023 թվականներին գերմանաամերիկյան Pfizer-Biontech պատվաստանյութի 1.8 մլրդ չափաբաժնի մատակարարումների շուրջ պայմանագիր ստորագրելու մասին։

ԵՄ-ն AstraZeneca-ից, ընդհանուր առմամբ, 400 մլն չափաբաժին պատվաստանյութ է պատվիրել, սակայն մատակարարումների իրական ծավալները մի քանի տասնյակ միլիոն են կազմել։

Ապրիլի վերջին ԵՄ իրավաբաններն AstraZeneca-ից պահանջեցին անհապաղ սկսել Բրիտանիայում գտնվող գործարանից մատակարարումները, որտեղից մինչև հիմա առաջնահերթ պատվաստանյութ է ստանում հենց Մեծ Բրիտանիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել