Իր իշխանության օրոք Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, այդ կրակը մինչև հիմա խեղդում է ժողովրդին․ Միքայելյանը՝ Քոչարյանի մասին |armtimes.com|
15:22 - 10 մայիսի, 2021

Իր իշխանության օրոք Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, այդ կրակը մինչև հիմա խեղդում է ժողովրդին․ Միքայելյանը՝ Քոչարյանի մասին |armtimes.com|

armtimes.com: «Իր իշխանության օրոք կրակ տեղի ունեցավ Հայաստանում, եղավ Հոկտեմբերի 27-ը, կրակը կյանքեր տարավ, ու այդ կրակի ծխից մինչև հիմա մեր ժողովուրդը խեղդվում է»։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և ընտրություններին մասնակցելու մասին հարցին։

Միքայելյանը նշեց՝ Քոչարյանի կառավարման օրոք զրկանքներ է կրել․ «Բանտում եմ եղել իր օրոք։ Ինքը պետք է հիշի իր արածը ժողովրդի նկատմամբ։ Հետո նոր նման հայտարարություններ անի»,- նշեց պատգամավորը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե այս իշխանություններին քիչ օրեր են մնացել։

Լրագրողների այն դիտարկմանը, որ Քոչարյանը նշում է՝ այս իշխանությունների օրոք եղել է պատերազմը, Սասուն Միքայելյանն ասաց՝ պատերազմը մեկ օրվա բան չէ․
«Պատերազմը տարիների հարց է։ Սպարապետից հետո անպատրաստ ենք եղել պատերազմին՝ մինչև այս իշխանությունները։ Եթե խոսում են Հադրութից ու Շուշիից, կարող էին իրենց լափած գումարներով Հադրութից մինչև Շուշի թունել անցկացնեին»։

Սասուն Միքայելյանը՝ շեշտեց, որ ինքը չի ասել, թե Նիկոլ Փաշինյանը կամ հենց ինքը մեղավոր չէ․ «Բայց չի կարելի բարդել անցած տարիների չարած գործն այս տարիների վրա։ Նախորդ բոլոր նախագահները, եթե պատկերացնում ու հասկանում էին, որ բանակցային փուլով ոչ մի հարց չի լուծվելու, ապա պետք է գնային այլ ճանապարհով կամ պատրաստվեին պատերազմի»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ ընտրությունները հաղթելու գործընթացում ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Քոչարյանի շանսերը, Միքայելյանը պատասխանեց․

«Եթե ժողովուրդը պետք է հետ բերի Քոչարյանին, չգիտեմ։ Այս ազգը պետք է արհավիրքներից հեռու մնա։ Մենք պատերազմ ենք տեսել, հող ենք տվել, բայց ես չեմ հուսահատվում։ Հողերը մեկ օր կրկին մերը կլինեն։ Դժբախտությունը մեր այն է, որ ժողովրդին տարբեր սխալ տեղեկություններ են տալիս, ժողովուրդն էլ անորոշության մեջ է։ Դրա համար մեզ պետք է սառը դատել ու առաջ գնալ։ Ես չեմ ընդունում պարտությունը, պատրաստ եմ նորից հաղթելու»,- եզրափակեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել