Եթե ուզենք էլ ընտրությունները կեղծել՝ չենք կարող. մեր թիմը և հանրությունը թույլ չեն տա. Փաշինյան |1lurer.am|
15:06 - 10 մայիսի, 2021

Եթե ուզենք էլ ընտրությունները կեղծել՝ չենք կարող. մեր թիմը և հանրությունը թույլ չեն տա. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հատուկ նիստի ժամանակ անդրադարձավ վերջին երեք տարիներին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին:

«Վերջերս դուք ընդունեցիք «Կուսակցությունների մասին» նոր օրենքը, որով կուսակցական գործունեության իմաստով հեղափոխական նշանակության փոփոխություններ են տեղի ունեցել: Պատկերացրեք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ հերթական խորհրդարանական ընտրության դեպքում կուսակցության համամասնական ցուցակները ձևավորվում են համաժողովի կամ համագումարի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ: Այսինքն՝ մենք սրանով ստեղծել ենք ինստիտուցիոնալ պայմաններ, որպեսզի կուսակցությունները լինեն կուսակցություն և ոչ թե սեփականություն»,- նշեց Փաշինյանը՝ այն անվանելով շրջադարձային նշանակության ինստիտուցիոնալ փոփոխություն:

Քաղաքական ինստիտուցիոնալ լրջագույն փոփոխություն է նաև համայնքների ավագանու և համայնքապետի ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով:

«Հայաստանում տասնամյակներով ընդդիմությունը երազել է այդպիսի փոփոխությունների մասին, բայց այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Բայց այսօր դա փաստ է, և, բնականաբար, այդ թեմայի մասին ոչ մեկը չի խոսի, որովհետև էն, ինչ մենք արդեն ունենք, համարվում է, որ այդպես էլ պետք է լիներ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Ի վերջո, առաջին անգամ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու լիարժեք համամասնական ընտրակարգով՝ նշեց Փաշինյանը:

«Եվ ամենակարևոր փոփոխությունը. հիմա շատ են տեղի ունենում հարցումներ, երբ քաղաքացիներին հարցնում են, թե որ քաղաքական ուժին կընտրի, բայց մեր գործընկերներից մեկը կամ մի քանիսը մի շատ կարևոր փաստի վրա հրավիրեց մեր ուշադրությունը, և այդ փաստը հետևյալն է. որ քաղաքացիները կարող են ասել՝ իրենք ընտրում են ընդդիմությանը, այս կուսակցությանը, իշխանությանը, բայց քաղաքացիների մոտ այլևս չկա հարց՝ ի վերջո, ով է որոշում, թե ով է հաղթելու ընտրություններում: Սա շրջադարձային փոփոխություն է: Հինգ տարի առաջ քաղաքացին ասում էր՝ լավ դե, մենք ինչ ենք որոշում, մեկ է՝ ոնց էլ քվեարկենք, գրելու են... Հիմա ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է: Եվ սա մեր քաղաքական թիմի ամենամեծ առաքելությունն է եղել: Հիմա եթե մենք՝ որպես իշխանություն ուզենք էլ ընտրությունների արդյունքը կեղծել, մենք չենք էլ կարող դա անել, որովհետև ոչ մեկը, նախ՝ մեր թիմի ներսում և երկրորդը՝ հանրությունը թույլ չեն տա ընտրությունների արդյունքները կեղծել»,- նշեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել