Դատարաններն այլեւս նախաքննության մարմինների կցորդը չեն․ Փաշինյանի խոսքով՝ արդարադատության ոլորտում հեղափոխական փոփոխության են հասել
12:37 - 10 մայիսի, 2021

Դատարաններն այլեւս նախաքննության մարմինների կցորդը չեն․ Փաշինյանի խոսքով՝ արդարադատության ոլորտում հեղափոխական փոփոխության են հասել

Վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ կառավարությունը ձախողել է արդարադատության եւ արդարության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները․

«Երբեմն իքներս էլ դժգոհում ենք այս ոլորտում իրականացված բարեփոխումներից։ Բայց եկեք հասկանանք՝ էդ բարեփոխումները, արդարությունն ու արդարադատությունն ո՞ւմ համար են, դրանք քաղաքական էլիտաների համար ե՞ն, թե՞ ՀՀ շարքային քաղաքացիների համար։ Երբ էս տեսանկյունից ենք նայում, մենք տեսնում ենք, որ, այո, մենք արդարադատության ոլորտում էլ ենք իրականցրել հեղափոխական բարեփոխումներ։ Այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատմական նվազագույն թիվն է կալանվորված եւ դատապարտված անձանց․ սա արդարադատության ոլորոտում մեր իրականացրած բարեփոխումների արդյունք է, որովհետեւ էսօր դատարաններն այլեւս նախաքննության մարմինների կցորդը չեն»,- ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ հասել են արդարադատության ոլորտում հեղափոխական փոփոխության․

«Մենք վստահ կարող ենք ասել, որ էսօր ՀՀ ՔԿՀ-ներում անմեղ մարդ չկա․ ՀՀ արդարադատության ոլորտի մեծագույն պրոբլեմը եղել է էն, որ եղել է հանրային համոզմունք եւ իրականություն, որ տասնյակ, հարյուրավոր մարդիկ, որոնք չպետք է լինեին ՔԿՀ-ներում, տարիներով նստել են։ Այո՛, մենք հեղափոխություն ենք իրականացրել նաեւ արդարադատության ոլորտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կար ժամանակ, երբ մարդիկ ՔԿՀ-ներում հերթով էին քնում, իսկ այսօր, նրա պնդմամբ, չկա այդ խնդիրը։

Նրա խոսքով՝ երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը «նեղել է» ընդդիմությանը․

«Էսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը, բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում։ Մենք ուզում էինք գալ, հեղափոխություն անել, որից հետո դատական համակարգը շարունակեր նեղել ընդդիմությա՞նը։ Անկախ դատական համակարգն էն է, որ «նեղի» իշխանությանը»,- ասաց Փաշինյանը՝ կատակելով, թե սա չի ասում, որ ավելի մեծ տեմպերով «նեղեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել