Մենք շուրջ 500 մլն դոլար 3 տարվա ընթացքում վերադարձրել ենք բիզնեսին․ Նիկոլ Փաշինյան
12:23 - 10 մայիսի, 2021

Մենք շուրջ 500 մլն դոլար 3 տարվա ընթացքում վերադարձրել ենք բիզնեսին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է գումարել՝ վարչապետի ընտրության հարցով։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, որը մեկ անգամ արդեն չի ընտրվել, «Իմ քայլ»-ն այսօր եւս ձեռնպահ քվեարկելու որոշում ունի՝ Ազգային ժողովն արձակելու նպատակով, որպեսզի տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Այժմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց՝ երեք տարի առաջ այս օրերին է ընտրվել վարչապետի պաշտոնում, եւ, հաշվի առնելով, որ վերջին շրջանում շարունակական, անընդհատ մեղադրանքների են արժանացել՝ հեղափոխական օրակարգը, պետական կառավարումը ձախողելու մասին պնդումներով, ինքը հարկ է համարում արձանագրել, թե վերջին տարիներին ՀՀ-ում ինչպիսի խորքային փոփոխություններ են տեղի ունեցել․

«Երբ խոսում ենք ինստիտուցիոնալ բարեփոխումների, պետական կառավարման, հեղափոխական օրակարգի մասին, շատ դեպքերում մոռացվում է, որ դրանց իրական շահառուն մարդն է, քաղաքացին, եւ սա այն դեպքերից է, որ պիտի արձանագրեմ՝ վերնագրերը չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ ՀՀ-ում իրոք տեղի են ունեցել խորքային բարեփոխումներ՝ սկսած տնտեսությունից, շարունակած արդարադատությունով, վերջացրած բնապահպանությամբ։ Երբ 2018-ին ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, կառավարությունը բիզնեսին ունեցել է 274 մլրդ դրամի պարտք․ սա այն գումարն էր, որ ՀՀ օրենսդրությամբ բիզնեսը պետք է չվճարեր, այդ գումարը պետք է  մնար բիզնեսի եւ տնտեսվարողների տրամադրության տակ, բայց դրանք ամենատարբեր ձեւերով հարկային մարմինների կողմից մուտքագրվել են միասնական գանձապետական հաշիվ կամ պետական հաշվեհամարներ, այսինքն՝ բիզնեսից վերցվել են»,- ասաց Փաշինյանը՝ պնդելով, որ այս երեք տարվա ընթացքում այս պարտքի պրոբլեմն ըստ էության լուծվել է ոչ միայն փաստացի վճարումների տեսքով, այլեւ ինստիտուցիոնալ առումով․

«Կարող եմ արձանագրել, որ 2021-ի մայիսի 1-ի դրությամբ պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի, այդ պարտքը զրոյացվել է, սա նշանակում է, որ մենք շուրջ 500 մլն դոլար 3 տարվա ընթացքում վերադարձրել ենք բիզնեսին»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը՝ ասելով՝ սա հեղափոխական փոփոխություն է Հայաստանի համար։

Նա կարեւորեց եկամտային հարկի ասպարեզում արված փոփոխությունները․

«2018-ի դրությամբ ունեինք եռաստիճան եկամտային հարկ` 36%, 28%, 23%։ Մենք սահմանեցինք 23% համահարթ եկամտահարկ եւ օրենսդրության մեջ արձանագրեցինք, որ ամեն տարի եկամտային հարկն ամեն տարի 1 տոկոսով կիջնի եւ 2023-ին կլինի 20 տոկոս համահարթ եկամտահարկ։ Միեւնույն ժամանակ, շահութահարկը 20-ից դարձրինք 18%։ Մենք ինստիտուցիոնալ առումով լուծեցինք ստվերային աշխատատեղերի, ստվերային աշխատավարձերի խնդիրը․ 2021-ի մարտին 2018-ի մարտի դրությամբ ունենք 85038-ով ավելի աշխատատեղ․ սրանք այն աշխատատեղերն են, որոնք կոնկրետ աշխատավարձ են ստանում»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել