Վերացվել են մանկապարտեզներին վերաբերող սահմանափակումները․ «Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաներին հնարավոր կլինի տեղավորել այլ խմբերում
18:25 - 08 մայիսի, 2021

Վերացվել են մանկապարտեզներին վերաբերող սահմանափակումները․ «Թիթեռնիկ» մանկապարտեզի երեխաներին հնարավոր կլինի տեղավորել այլ խմբերում

Ապրիլի 30-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 22 «Թիթեռնիկ» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ մանկապարտեզը վերանորոգվում է, իսկ քաղաքապետարանը, ծնողների պնդմամբ, այնտեղ հաճախող երեխաներին նախօրոք չի տեղավորել այլ մանկապարտեզների խմբերում։

Infocom-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչու վերանորոգվող մանկապարտեզ հաճախող երեխաները նախօրոք չեն տեղավորվել այլ մանկապարտեզների խմբերում։

«Թիթեռնիկ» մանկապարտեզ, համաձայն քաղաքապետարանի փոխանցած տվյալների, 2021-ի դրությամբ հաճախել է 160  երեխա, մանկապարտեզն էներգաարդյունավետության ծրագրում ներառելու նպատակով այնտեղ հիմնանորոգման աշխատանքների իրականացման շուրջ քննարկումները սկսվել են 2018-ից։ 

«Երեխաները նախապես չեն տեղավորվել այլ մանկապարտեզներում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի հ.17-Ն հրամանով սահմանված է ընդունել 20-ական երեխա՝ յուրաքանչյուր խմբում, և պահպանել 1 մետր սոցիալական հեռավորություն: Գործընթացը հնարավոր կլինի իրականացնել  նշված սահմանափակումների մեղմացման պարագայում մինչ իրենց (երեխաների- խմբ․) հիմնական մանկապարտեզի վերաբացումը»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Քաղաքապետարանից նաև հետաքրքրվել էինք, թե որքան է տևելու մանկապարտեզի վերանորոգման գործընթացը, և այդ ընթացքում լուծվելո՞ւ է աշխատակիցների զբաղվածության հարցը։ 

«Մանկապարտեզի շինարարական աշխատանքները, ըստ պայմանագրի, տևելու են շուրջ 15 ամիս, որի ընթացքում աշխատակազմը վճարվելու է աշխատավարձի երկու երրորդի չափով՝ համաձայն  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի»,- պատասխանել են քաղաքապետարանից:

Այսօր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: 

Սա ենթադրում է, որ ինչպես մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին քաղաքապետարանից, «Թիթեռնիկ» մանկապարտեզ հաճախող երեխաներին հնարավոր կլինի տեղավորել այլ մանկապարտեզների խմբերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել