Արցախի ԱԳ նախարարը ջրային անվտանգության վերաբերյալ նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և Անջեյ Կասպշիկին
17:39 - 07 մայիսի, 2021

Արցախի ԱԳ նախարարը ջրային անվտանգության վերաբերյալ նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և Անջեյ Կասպշիկին

Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:

Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։ Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաև Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները։ Սևանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը. առանց այդ գետերի Սևանին բնապահպանական աղետ է սպառնում։

Այսպիսով, այսօր ավելի քան երբևէ Արցախի Հանրապետության պատմության ընթացքում, չափազանց կարևոր է ապահովել արցախցիների ջրօգտագործման իրավունքը և Հանրապետության ջրային անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտման մշտական սպառնալիքին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և համակարգվող հայատյացության երկարամյա պետական քաղաքականությանն ու էթնիկ հայերի դեմ ատելության քարոզչությանը հակազդելու համար անհրաժեշտ են անվտանգային լուրջ  միջոցառումներ:

Նամակներում նաև նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել այն գոտում, որտեղ սկիզբ են առնում վերոնշյալ գետերը։ Հակառակ դեպքում, կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև՝ ընդհանրապես բնակչության գոյությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել