Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավետ հետախուզում չի կարողանում իրականացնել․ մեր ձեռնարկած հակաքայլերը արդյունք են տվել. Արթուր Դավթյան |tert.am|
12:40 - 07 մայիսի, 2021

Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավետ հետախուզում չի կարողանում իրականացնել․ մեր ձեռնարկած հակաքայլերը արդյունք են տվել. Արթուր Դավթյան |tert.am|

tert.am: Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները, այդ առումով Ռուսաստանի գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է այս գործընթացում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Այդ խողովակը օգտագործելով՝ հնարավորություն է ընձեռվում և՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և՛ հակառակորդի կողմից իրականացված խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկություններ փոխանցել, և՛ հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ: Այդ բոլոր փաստական հանգամանքները քրեական գործերով են արձանագրվում: Ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսվում ենք մեր ռուս գործընկերների հետ և նրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև  ապահովվել նրանց հետևողականությունը, ձևակերպել, արձանագրել, որպեսզի Ադրբեջանը գիտակցի դրա բարձր պատասխանատվությունը»,– ասաց նա:

Հարցին, թե թշնամու քանի հրամանատարների նկատմամբ ենք հետախուզում հայտարարել, Դավթյանը պատասխանեց, որ ունենք բազում հետապնդումներ, սակայն այդ մասին այս պահին հրապարակային խոսելն  արդարացված չէ:

Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ, հակառակորդը հետախուզում հայտարարել էր, գլխավոր դատախազը պատասխանեց, որ եթե իրենք խոսում են, մենք չպետք է նույն կերպ վարվենք:

«Խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ և մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ գալիս ենք հետևության, որ դրա մասին հրապարակայնորեն խոսելը չի օգնի, ընդհակառակը՝ կվնասի: Իսկ այն, ինչի մասին իրենք խոսել են կամ այլ եղանակով մեզ հայտնի է դարձել, մենք միշտ հակաքայլերը ձեռնարկել ենք, և այդ հակաքայլերը արդյունք են տվել և նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»:

Անդրադառնալով հարցին, թե դավաճանության և լրտեսության մեղադրանքով արդյո՞ք կան գործող կամ նախկին պաշտոնատար անձինք, Դավթյանը նշեց, որ գործով նախկին զինծառայող է անցնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել