ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ
12:13 - 07 մայիսի, 2021

ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Երկու ոլորտներում կատարվող գործարքները և հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով՝ գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով: Հարկային օրենսդրությունից բացի՝ ամբողջացված է նաև ոլորտներին վերաբերող ընդհանուր տեղեկատվություն՝ բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար:

Ուղեցույցները մշակվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից՝ ՊԵԿ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում: Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաև նրանց առաջարկները՝ ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:

Իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ստեղծված ուղեցույցները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հրապարակումներ» հատվածում: Այդ մասին կոմիտեն հարկ վճարողներին ծանուցել է նաև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել