ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ. Թաթոյանն արձագանքեց Մարիա Կարապետյանին |armenpress.am|
17:49 - 06 մայիսի, 2021

ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ. Թաթոյանն արձագանքեց Մարիա Կարապետյանին |armenpress.am|

armenpress.am:  Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը վստահեցնում է, որ ՄԻՊ գրասենյակը միշտ է գործել անկաշկանդ: Թաթոյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, որում պատգամավորը ՄԻՊ-ի անկաշկանդ աշխատանքը համարել էր թավշյա հեղափոխության արդյունք, կառավարող ուժի ձեռբերում:

«Տիկին Կարապետյան ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում է և շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցող անձի կողմից այդպիսի ուղերձներ հղելը: Մարդու իրավունքների պաշտպանը միշտ է եղել անկաշկանդ, եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, 2018 թվականի ապրիլ- մայիս իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր բոլոր ամբիոններից գնահատականի չէր արժանանա՝ այդ թվում ԵՄ-ի կողմից, որ օրինակելի կառույց է ՄԻՊ-ը»,-ասաց Թաթոյանը:

Ըստ Թաթոյանի՝ Կարապետյանի ելույթում կային բացահայտ մանիպուլյատիվ հայտարարություններ:Անդրադառնալով Կարապետյանի՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ հայտարարությանը՝ ՄԻՊ-ն ասաց. « Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ մենք ԱԳՆ-ի հետ չենք աշխատել: Իմ ոչ բարոյականությունը, ոչ էլ իրավական կաշկանդվածության սահմանները թույլ չեն տալիս, որ ես անցնեմ ու քննարկումների գնահատականներ տամ: Մենք ամեն օր ենք մեր գործընկերների հետ կապի մեջ»,-ասաց Թաթոյանը:

Նա վստահեցրեց, որ որևէ քայլ չի անում, որը կհակասի երկրի արտաքին քաղաքականությանը: «Ես ձեզ ասում եմ, որ ադրբեջանցիները սպառնում են, ինֆորմացիա եմ տարածում, կադաստրային փաստաթղթեր ունեցող մեր բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներից, դուք ինձ ասում եք՝ ամսի 15-ին ասել եմ սահմանազատում բառը, ամսի 17-ին՝ սահմանագծում բառը»,-ասաց Թաթոյանն ու առաջարկեց միասին գնալ ու նայել, թե սահմանին ինչ է կատարվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել