Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
16:43 - 06 մայիսի, 2021

Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
 
Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման  նկատմամբ և մշակել զարգացման նոր ռազմավարություն:

Երկրի ղեկավարի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կմշակվի գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որի հիմքում կլինեն 35 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, տեղական գյուղարտադրանքով ներքին պահանջարկի բավարարումը և արտահանման հնարավորությունների ստեղծումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել