Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|
10:23 - 06 մայիսի, 2021

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայնով:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց,

  • որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,
  • որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
  • որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

Նախագծում նշված են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներումը չի կիրառվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել