ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը․ Նիկոլ Փաշինյան
17:53 - 05 մայիսի, 2021

ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը․ Նիկոլ Փաշինյան

«Պարո՛ն վարչապետ, Ձեր պատասխանից ստացվում է՝ 2018-ից մենք այլ տարբերակ չունեինք, քան պատրաստվել պատերազմի։ Արդյոք մենք ունեցե՞լ ենք հնարավորություն եւ կարողացե՞լ ենք պատշաճ պատրաստվել պատերազմին»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, այսպիսի հարց հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց՝ հարցը բազմաշերտ է, բայց ուղիղ հարցի ուղիղ պատասխանն «այո» է, բայց, ըստ նրա, պետք է հաշվի առնել մի նրբություն․

«Պատերազմին պատրաստվելն ունի նրբություններ, որովհետեւ հակառակորդն էլ է հետեւում քեզ, ինքը տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի։ Ինքը հասկանում է, որ երբ դու էդ գիծն անցար, քո պոտենցիալն աճելու է, ինքը հասկանում է, որ խփելու ճիշտ տեղն էդ գիծն է, որ դու չհասցնես, մնաս 80-ականների զենքի մակարդակին։ Էս էլ ա պատերազմի հրահրում, որովհետեւ երբ դու քո բանակը զարգացնում ես, չես կարող դա անել թաքուն, հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է բարձրանում՝ էականորեն, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետային զինծառայողների ծնողները, ենթասպաների եւ շարքայինների ընտանիքների անդամները ներառվում են բուժսպասարկամն պետպատվերում»,- ասաց Փաշինյանն ու շեշտեց՝ սա մարտունակության հետ կապված հարց է։

Շարունակելով՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց․
«Ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ, էդ ՍՈՒ-երի հետ կապված պատմությունը դրա տիպիկ օրինակն է։ Այո՛, ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը։ Նախորդ իշխանությունը գիտե՞ք՝ ոնց է կառավարել պատերազմի ռիսկը․ ամեն ինչ արել է, որ տեսանելիորեն բանակը փլվի, որ ասեն՝ խի՞ էսօր հարձակվենք, վաղը կհարձակվենք, որովհետեւ ինչքան գնում է՝ զարգանում ենք, իրենց մոտ 80-ականների զենքը, քանի գնում, էնքան ավելի 80-ականների է դառնում»,- հայտարարեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել