Դատարանն ընդունել է «ԿՀՎ-ի հետ աշխատելու» խոսքերի առնչությամբ Նավալնիի հայցն ընդդեմ Պեսկովի |tert.am|
14:44 - 05 մայիսի, 2021

Դատարանն ընդունել է «ԿՀՎ-ի հետ աշխատելու» խոսքերի առնչությամբ Նավալնիի հայցն ընդդեմ Պեսկովի |tert.am|

tert.am: Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը վարույթ է ընդունել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան:

«Պեսկովի դեմ Նավալնիի ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել: Մինչդատական վարույթը նշանակված է մայիսի 27-ին»,- ասել է մամուլի քարտուղարը և շեշտել՝ նախկինում պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցը չէր առաջխաղացվել, քանի որ դատարանը կարգադրել էր շտկել դրանում առկա թերությունները:

Ինչպես նշել է դատարանի մամուլի քարտուղարը, հայցի առարկա է դարձել Պեսկովի խոսքերը Նավալնիի մասին: Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել էր՝ «հաշվի առնելով այն փաստը, որ հիվանդի հետ (նկատի ուներ Նավալնիին,-խմբ) աշխատում են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները, նա ասում է այն, ինչ իրեն թելադրում են այդ վարչության ղեկավարները» և «ավելի լավ է, եթե այդ կազմակերպությունը երկխոսություն վարի ոչ թե մեզ հետ, այլ ուղղակիորեն իր ռուս գործընկերների՝ արտաքին հետախուզական ծառայության, գլխավոր հետախուզական վարչության և այլ հատուկ ծառայությունների հետ»:

Ներկայացված հայցադիմումով Նավալնին պահանջում է Պեսկովի հնչեցրած խոսքերը ճանաչել իրականությանը չհամապատասխանող, քանի որ դրանք վարկաբեկել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Բացի այդ, նա պնդում է հերքումը հրապարակել նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել