Խծաբերդն ու Հին Թաղերը վերադարձնելու ուղղությամբ Արցախի ԱԳՆ-ն կոնկրետ արդյունքներ չունի, ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս լռում է
19:13 - 04 մայիսի, 2021

Խծաբերդն ու Հին Թաղերը վերադարձնելու ուղղությամբ Արցախի ԱԳՆ-ն կոնկրետ արդյունքներ չունի, ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս լռում է

Անցած տարվա դեկտեմբերին՝ ռազմական գործողությունների դադարից հետո, Ադրբեջանի օկուպացրած Հադրութի՝ հայկական վերահսկողության տակ մնացած Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերն անցան հակառակորդին՝ չնայած այս երկու բնակավայրերի վերաբերյալ որեւէ բառ նշված չէր եռակողմ հայտնի հայտարարության մեջ։

Այս արձանագրումն արեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 13-ին կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ նշելով, որ մեր առաջ խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: Այսինքն, ըստ Փաշինյանի, այստեղ նրբությունն այն է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս, եւ, հետեւաբար, այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ այդ բնակավայրերը պետք հայկական ուժերի վերահսկողության ներքո լինեն, որովհետեւ նոյեմբերի 9-ի դրությամբ էլ եղել են Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

Թե դեկտեմբերից մինչ այսօր Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչություններն ինչ քայլեր են ձեռնարկել եւ ինչ արդյունքի են հասել՝ Infocom-ը փորձեց հասկանալ գրավոր հարցումներով։ Ի պատասխան մեր հարցարդումների՝ Արցախի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության զավթված տարածքների դեօկուպացիան Արցախի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից է, ինչը ժամանակատար եւ աշխատատար գործընթաց է․ «Այսօրվա դրությամբ, դժբախտաբար, կոնկրետ արդյունքներ դեռեւս չունենք»,- ասված է Արցախի ԱԳՆ պատասխանում։

Իսկ ահա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մերժում է տեղեկություն տրամադրել Խծաբերդն ու ՀԻն Թաղերը վերադարձնելու ուղղությամբ կատարվող դիվանագիտական աշխատանքի եւ ընթացիկ արդյունքների մասին՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն ընդունված «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի հիմքով, այն է՝ «ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առեւտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին»։

Խծաբերդի ու Հին Թաղերի շուրջ լարված դրություն էր ստեղծվել նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին․ այդ օրը Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր եւ Խծաբերդի բնակավայրերի ուղղությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում էին համապատասխան միջոցառումներ։

Հաջորդ օրը կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս բնակավայրերի հարցին՝ նշելով, որ տեղի դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաեւ թուրքական հատուկ նշանակության ջոկատներ:

Ըստ Փաշինյանի հայտարարության՝ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռեւս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում։ Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի էին բռնվել, դիմադրություն ցույց տվել, այդ պահի տվյալներով՝ մեր կողմից վիրավորներ ու այլ տուժածներ են եղել։

Ի վերջո, ըստ նույն հայտարարության, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել