Բայդենի քայլը հարյուր տոկոսով դրական է, նրա ուղերձը հաղորդագրություն էր, որ Թուրքիան հանցագործ պետություն է․ Վահրամ Այվազյան
14:45 - 10 մայիսի, 2021

Բայդենի քայլը հարյուր տոկոսով դրական է, նրա ուղերձը հաղորդագրություն էր, որ Թուրքիան հանցագործ պետություն է․ Վահրամ Այվազյան

Այս տարի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Սա սպասված հայտարարություն էր, որը, կարելի է ասել, նաեւ միջազգային աղմուկ առաջացրեց։

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք այն բոլոր կյանքերը, որոն«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքոք կորսվեցին Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ եւ վերստին պարտավորվում ենք կանխել նման վայրագության կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության եւ համայնքի ղեկավարների՝ 1915 թ.-ի ապրիլի 24-ի ձերբակալությունից հետո մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան դատապարտվեցին: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որ տեղի ունեցածի սարսափները երբեք չկորսվեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք, որ միշտ զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ»,- ասաց Բայդենն իր ուղերձում։

Այս հայտարարությունից հետո հայաստանյան տարբեր հարթակներում սկսվեցին քննարկումներ Բայդենի քայլի, ինչպես նաեւ դրանից բխող զարգացումների մասին։ Շատերը նշեցին, թե Բայդենն ԱՄՆ միակ նախագահը չէ, որ օգտագործել է ցեղասպանություն տերմինը, սակայն իրականում նա առաջինն է ԱՄՆ նախագահներից, որ այս եզրույթը կիրառել է հենց ապրիլի 24-ին եւ հենց Հայոց ցեղասպանության կոնտեքստում։ 

Հայերի կոտորածը ցեղասպանություն եզրույթով առաջին անգամ բնութագրել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը՝ 1981 թվականի ապրիլի 22-ին՝ սակայն Կամբոջական ցեղասպանության մասին իր ելույթի ժամանակ․

«Ինչպես դրան նախորդած հայերի Ցեղասպանությունը, այնպես էլ՝ կամբոջական Ցեղասպանությունը, եւ ինչպես շատ այլ նման հալածանքներ շատ այլ ժողովուրդների նկատմամբ, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»,- մասնավորապես նշել է նա:

Ռեյգանից հետո Ջորջ Բուշը Ցեղասպանությունն անվանեց ջարդեր, 1994 թվականին Բիլ Քլինթոնը եւս տեղի ունեցածն անվանեց ջարդեր եւ «1915-ի բռնություն», իսկ 1995-2000 թվակաների իր ուղերձներում՝ կոտորած եւ տեղահանում։ 

Ջորջ Բուշ կրտսերը 2001-ին կիրառեց «հայերի բռնի աքսոր եւ ոչնչացում» ձեւակերպումը, 2002-ին՝ «հայերի կոտորած» արտահայտությունը, 2003-2008 թվականներին Բուշը հիմնականում օգտագործել է ՝«զանգվածային սպանություններ եւ բռնի աքսոր» արտահայտությունը։ 

2009 թվականի ապրիլի 24-ին Բարակ Օբաման ԱՄՆ նախագահների մեջ առաջին անգամ օգտագործեց «Մեծ Եղեռն» տերմինը։ Դրան հաջորդող բոլոր տարիներին (մինչեւ 2016 թվականը) Օբաման իր ցավակցական ուղերձներում հենց այս կապակցությունը կիրառեց։

2016-2020 թվականերին նախագահած Դոնալդ Թրամփը նույնպես կիրառեց միայն «Մեծ Եղեռն» տերմինը։

ԱՄՆ այժմյան նախագահ Բայդենի քայլը ամենատարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ նաեւ Հայաստանում։ Ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ հղեց Ջո Բայդենին՝ նշելով, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների եւ արժեքների առաջնայնությունը։ 

Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բայդենի ուղերձում Ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային համարեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար:

Infocom.am-ն այս թեմայով հանրությանը հուզող հարցերի շուրջ զրուցել է «Ցանցային պետություն» նախաձեռնության հիմնադիր, ցեղասպանագետ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռի թիմակից Վահրամ Այվազյանի հետ։ Այվազյանը Բայդենի քայլն իսկապես պատմական է համարում՝ շեշտելով, որ նա ԱՄՆ առաջին նախագահն է, ով հենց ապրիլի 24-ին ասաց «Հայոց Ցեղասպանություն» տերմինը՝ այդպիսով ճանաչելով այն։ Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Բայդենն առաջինը չէ, քանզի Ռեյգանն ավելի վաղ կիրառել էր եզրույթը, մեր զրուցակիցը նկատեց՝ Ռեյգանի հայտրարությունը այլ կոնտեքստում է արվել՝ Հոլոքոստ, Հայոց Ցեղասպանություն եւ այլն։

«Կարեւորն այն է, որ Բայդենն առաջինն է, որը հենց ապրիլի 24-ին հստակ 2 անգամ օգտագործում է ցեղասպանություն բառը եւ աշխարհին ուղղված հաղորդագրություն է ուղարկում։ Սա քաղաքական գնահատական է՝ դեռ 2019 թվականին Կոնգրեսի եւ Սենատի ընդունած բանաձեւերից հետո։ Այո՛, Բայդենն առաջինն է։ Ամենակարեւորը ժամանակաշրջանն է, թե երբ է այն արտասանում, արտասանում է այն ժամանակ, երբ սրված են թուրք-ամերիկյան հարաբերությունները, եւ սա իրենց մահակներից մեկն էր Թուրքիայի դեմ, որը Բայդենը օգտագործեց։ Նշանակում է, որ ստրատեգիական որոշում է կայացվել ԱՄՆ-ում, որ պետք է ոչ միայն քաղաքական գնահատական տալ, այլ դիմել նաեւ այլ գործողությունների»,- ասաց մեր զրուցակիցը։

Ցեղասպանագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե այդ գործողությունները որոնք կլինեն, բայց ինչքան Թուրքիան հոխորտա, այնքան օգուտ կլնի Հայաստանին։ Այվազյանն ընդգծեց, որ ինչքան էլ տարբեր շրջանակներում քննարկվի այն հարցը, թե՝ «սա ո՞ւմ էր պետք, անիմաստ էր, այժմ թուրքերը կկատաղեն, կհարձակվեն», միեւնույնն է՝ պետք է հասկանալ, որ թուրքերը, եթե որոշեն Հայաստանը ոտնատակ տալ, իրենք չեն նայելու՝ Բայդենը ասաց «ցեղասպանություն», թե ոչ։ 

«Ներողություն եմ խնդրում այսպես արտահայտվելու համար, բայց կարծում եմ՝ մենք քաղաքականապես տհաս ենք, նկատի ունեմ նաեւ ինձ։ Մեր քաղաքական տհասությունը բերել է նրան, որ մենք կարծում ենք, թե պետությունները ինչ-որ մի բառի կամ կամ ինչ-որ վարքագծի հետեւանքով սկսում են քաղաքականություն վարել։ Նրանք ունեն իրենց հստակ քաղաքական գիծը եւ նման քայլերը չեն կարող հանգեցնել լուրջ քաղաքան երկրաշարժերի։ Ի դեպ՝ Բայդենի վարչակազմը հստակ ասել էր, որ պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նույնիսկ դա էին հաշվարկել, որպեսզի թուրքերի համար շոկային չլինի, եւ հիմար, տխմար քայլերի չգնան։ Իսկ նման տխմար քայլերից մեկն էլ Ալիեւի պուրակի բացումն էր, դա տխմարության գագաթնակետն էր»,- ասաց ցեղասպանագետը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն օգտագործել է իր ձեռքի մահակը եւ այն կարող է երկար պահել ձեռքում՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար։ Եթե Բայդենն արդեն օգատգործել է այդ բառը, նշանակում է, որ Թուրքիան սահմանն անցել է՝ ռուս-թուրքական մերձեցումը չափից ավելին է, քան թույլատրվում էր։

Անդրադառնալով պատմական իրադարձություններին՝ Այվազյանը նկատեց, որ 1923 թվականին՝ Քեմալական Թուրքիայի հաստատումից հետո, այն ակամայից հայտնվեց արեւմուտք-արեւելք շփման բուֆերի դերում, իսկ հիմա Էրդողանը որոշել է այդ դերից դուրս գալ եւ կայսերապաշտական նկրտումներ է ցուց տալիս՝ ցանկանալով բուֆերից վերածվել լուրջ խաղացողի։ Մեր զրուցակցի կարծիքով՝ որեւէ գերտերության, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, դա չի կարող դուր գալ, որովհետեւ գերտերությունը երբեք չի կարող թույլ տալ, որ իր քթի տակ, իր շահերի գոտում ստեղծվի մի անկառավարելի պետություն։

«Մյուս խնդիրը, որն արհամարհվում է Հայաստանում, այն է, որ Թուրքիայում ռուսները ատոմակայան են կառուցում, կա նաեւ Ս-400-ների խնդիրը։ Նրանք հասան այն մակարադակին, որ ԱՄՆ-ն որոշում կայացրեց, որ Թուրքիայի նկատմամբ պետք է վճռական քայլեր սկսվեն, հակառակ դեպքում Թուրքիան անկառավարելի է դառնում։ Ես հիմա հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները բավական վճռական շարունակելու է այս հակաթուրքական գիծը»,- ասաց Այվազյանը։

Խոսելով Մեծ Եղեռն տերմինի կարեւորության մասին, Այվազյանն ընդգծեց, որ դա կարող է դառնալ հստակ բնութագրող ցուցիչ, իսկ ցեղասպանությունը քաղաքաիրավական տերմին է։ Նրա խոսքով՝ երբ ասում ենք Հոլոքոստ, միանգամից պատկերացնում ենք հրեաների Ցեղասպանությունը, երբ ասենք Մեծ Եղեռն, աշխարհը միանգամից պետք է պատկերացնի Հայոց ցեղասպանությունը։ Այս առումով, ինչպես նկատեց Այվազյանը, ասելով Ցեղասպանություն՝ Բայդենը քաղաքական գնահատական է տալիս՝ դրանից բխող հետեւանքներով։

«Օրերս Կալիֆորնիայում ընդունեցին օրենք, որով Կալիֆորնիայից չեն կարող ներդրումներ անել Թուրքիայում։ Հույս ունեմ, որ այժմ Միացյալ Նահանգներում դատարանները կսկսեն ակտիվանալ, դա շատ կարեւոր է։ Այս ամենը մեր հասարակության համար շատ ուտոպիստական է թվում, ցավոք սրտի, 700 տարի պետականություն չունենալով՝ մեր ազգը կարծում է, որ ուժն է ծնում իրավունք, եւ իրավունք գոյություն չունի, բայց քաղաքական տխմարությունը մենք փորձել ենք թաքցնել այդ արտահայտության մեջ․ այո՛, ուժը կարեւոր է, բայց եթե մենք չենք օգտագործում մեր ունեցած իրավական առավելությունները, դա նշանակում է, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք քաղաքական հասունության հետ։

Արցախյան պատերազմում մենք դիվանագիտական դաշտում խայտառակ, սարսափելի պարտություն կրեցինք, մենք պարտվեցինք նաեւ իրավական դաշտում, այն դեպքում, երբ անգամ Սովետական սահմանադրությամբ Արցախը միավորված էր Հայաստանին, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ունի դասախաոսություն, թե ինչպես այդ իրավական չիմացությունը բերեց Արցախյան առաջին պատերազմին։ Այ սրանք է, որ մենք պետք է հասկանանք այս ամենը, իսկ ռուսական KKB-ի գործակալների վնգստոցը հասկանալի է, որովհետեւ Ռուսաստանը փափուկ ուժի տեսանկյունից սարսափելի պարտություն է կրել, որովհետեւ հայ ժողովուրդը հասկացավ ռուսական պետության եւ իշխանիկների լկտի պահվածքը Հայաստանի նկատմամբ, դրա համար իրենք փորձելու են վնգստալ, թե ինչ կատարվեց»,- ասաց Այվազյանն ու նկատեց՝ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը նույնիսկ չցավակցեց հայ ժողովրդին, ինչը, ցեղասպանագետի բնորոշմամբ, աղետներից մեկն է։

Մեր զրուցակիցը հիշատակեց, որ Միացյալ Նահանգներում կա նախագահական կնիքով մի փաստաթուղթ՝ Վուդրո Վիլսունի կողմից, որն իրավարար վճիռ է, եւ պատահական չէ, որ այդ վճիռը պահվում է, ցանկացած պահի, եթե ԱՄՆ-ն ուզի մանիպուլացնել Թուրքիային, կարող է օգտագործել․

«Այս ուղղությամբ է, որ մենք կարող ենք աշխատանք տանել, բայց, ցավոք սրտի, հիմա ՀՀ կառավարությունը զբաղված է ոչ այլ ինչով, քան ռուսահպատակ վնգստոցով, ինչը շատ աղետալի եմ համարում, բայց շատ լավ է, որ, այնուամենայնիվ, նույն Միացյալ Նահանգներին չեն հետաքրքրում այստեղի ողորմելիների վնգստոցները»։

Այվազյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն իր քաղաքականությունը վարում է նաեւ հաշվի առնելով Սփյուռքի մեր հայրենակիցների շահերը։ Այնուամենայնիվ, ցեղասպանագետը Միացյալ Նահանգների քայլը հարյուր տոկոսով դրական է համարում՝ նշելով, որ Բայդենի ուղերձը հաղորդագրություն էր, որ Թուրքիան հանցագործ պետություն է, եւ որ Հայաստանը դեռ պետք է իրենց, բայց մեզնից է կախված շարունակությունը։

«Մենք պետք է տաժանակիր աշխատանք տանենք, որպեսզի ապացուցենք մեր գոյություն ունենալու եւ ուժեղանալու իրավունքը այս տարածքի վրա։ Անհնար է առանց աշխատելու հասնել արդյունքի։ Երրորդն այն է, որ թուրք-ռուսական սիրավեպը պետք է հանգստանա, քանի որ անցնում է չափերը։ Այսինքն՝ Քեմալ-Լենին սիրավեպի երկրորդ տարբերակը՝ Պուտողանը, Միացյալ Նահանգները այս ճանաչմամբ կասկածի տակ դրեց, հիմա պետք է սպասենք հաջորդ քայլերին»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Բայդենի հայտարարությունը կարո՞ղ է ավելացնել թուրքական վտանգը եւ սպառնալիք լինել Հայաստանի համար, ցեղասպանագետը պատասխանեց, որ թուրքական վտանգը միշտ կա, եղել է եւ կլինի, եւ Ցեղասպանության ճանաչումով չէ, որ Թուրքիան պետք է հարձակվի Հայաստանի վրա։ Ըստ մեր զրուցակցի՝ մենք պետք է օգտագործենք այդ բարենպաստ իրավիճակը եւ աշխատենք տերությունների հետ հարաբերություններ ստեղծել․

«Ես նկատի ունեմ ոչ միայն ԱՄՆ, այլեւ Ֆրանսիա, Հնդկաստան, պետք է աշխատել այս պետությունների հետ, պետք է խոսել Չինաստանի հետ, հասկանալ, թե իրենք ինչ նպատակներ ունեն, այս շրջանի հետ կապված։ Պուտողանի դիրքորոշումը պարզ է եւ հստակ, ստեղծվում է պուտողանյան պետություն, ռուսները մոռանում են իրենց պատմությունը եւ իրենց այն հերոսներին, ովքեր կռվել են թուրքերի դեմ։ Հուսով եմ, որ դեռ մնացել են իրական ռուս մարդիկ, ովքեր գնահատական կտան իրենց ողորմելի կառավարության քայլերին՝ Պուտինի գլխավորությամբ։ Փաստն այն է, որ իրենք շեղվել են ռուսական շահից եւ սպասարկում են միայն թուրքական շահը, որովհետեւ բոլոր դեպքերում ռուսական շահից չէր բխում այն, որ Արցախում թուրք զինվորներ լինեն, դա բացառվում է»,- ասաց Այվազյանը։

Այս ամենն իմի բերելով, ըստ մեր զրուցակցի, կարող ենք ասել, որ աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում, եւ դրա արդյունքում ու պատճառով Բայդենը փորձեց պատժել Թուրքիային եւ շարունակելու է հակաթուրքական գիծը։ Այվազյանն ընդգծեց, որ աշխարհում ինչ էլ կատարվի մենք մեզ պետք է զինենք, եւ հույսներս չդնենք, նրա խոսքով, պուտողանի ներողամտության վրա, թե՝ ռուսները մեզ կպաշտպանեն։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել