Սպիտակի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
15:20 - 04 մայիսի, 2021

Սպիտակի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ  պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: 

Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020թթ. ընթացքում Սպիտակ համայնքի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ, այդ թվում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով 58 դեպք, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով` 22 դեպք:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ չորսհարյուրապատիկի չափով:

Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, վերը նշված 80 դեպքով ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ չեն կիրառել և գանձել առնվազն 18,8մլն դրամի տուգանք՝ առաջացնելով ծանր հետևանքներ։

Բացի այդ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման  գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 09.04.2015թ. կայացված աճուրդին, ըստ համայնքի ղեկավարի, աճուրդի կազմակերպչի և արձանագրողի ստորագրած ձեռագիր արձանագրության, մասնակցել են գրանցված 4 մասնակիցներից 2-ը, մինչդեռ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) տվյալների համաձայն՝ վերջիններիցս մեկն այդ ընթացքում բացակայել է ՀՀ տարածքից և ֆիզիկապես չէր կարող ներկա գտնվել աճուրդին, առավել ևս  քայլ կատարել: Ըստ արձանագրության առավելագույն գին առաջարկած մասնակցին վաճառվել է 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս:

Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք կազմել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդին անձանց մասնակցության մասին կեղծ արձանագրություն՝ օտարելով նշված հողամասը:

Բացի այդ, 2015-2020թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի Սպիտակի համայնքապետարանը «Նարինե» ՍՊԸ-ի հետ կնքել է Սպիտակ քաղաքում փողոցների սանիտարական մաքրման և հարակից ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր 92,3մլն դրամ արժեքով:

Կատարողի պարտականությունների մեջ է մտել 67530-ից մինչև 78916 քմ ընդգրկող ներքաղաքային փողոցների, մայթերի, հրապարակների, բակային տարածքների, հուշարձանների ու դրանց պատվանդանների, քաղաքային զբոսայգու և ջրավազանի, այլ ինժեներական կառույցների ամենօրյա ձեռքի և մեքենայական մաքրման, լվացման սանիտարական մաքրման ծառայություններ: Սպասարկվող այդ տարածքների մեջ են ընդգրկվել նաև 13600 քմ կազմող՝ բնակավայրերի տարածքով անցնող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներ, որոնց սպասարկումը  իրականացվում է «Ճանապարհ» ԲԲԸ-ի կողմից: Այսինքն համայնքապետարանի կողմից ի սկզբանե վերոնշյալ պայմանագրերի տեխնիկական բնութագրերով ավել է նախատեսվել շուրջ 13600 քմ տարածքի սանիտարական մաքրման ծառայություններ, որը դրամական արտահայտությամբ 2015-2020թթ. համար ընդհանուր կազմել է 15,5 մլն ՀՀ դրամ:

Ընդ որում՝ պարզվել է, որ «Ն...» ՍՊԸ–ի ներկայացրած և համայնքապետարանի կողմից ընդունված կատարողական ակտերում իրականացվել են մաքրվող տարածքների մակերեսների հավելագրումներ՝ 5896 քմ չափով, որի արդյունքում համայնքապետարանը ընկերությանն ավել է վճարել մոտ 1,5մլն դրամ:

Առկա են տվյալներ նաև այն մասին, որ Սպիտակի համայնքապետարանը 2015-2020թթ. ընթացքում մի քանի ընկերությունների հետ Սպիտակ քաղաքում տարբեր բնույթի աշխատանքների, մասնավորապես՝ փողոցների  լուսավորության համակարգերի թարմացման, քաղաքային զբոսայգու հուշարձանի և բեմի հանդերձարանի վերանորոգման,  առանձինթ աղամասերի ասֆալտապատման և լուսավորության համակարգերի կառուցման, անձրևաջրատար առվի կառուցման, մայթեզրի եզրաքարերի ուղղման, մայթերի ասֆալտապատման, Սպիտակի գեղարվեստի դպրոցի և երաժշտական դպրոցի շենքերի վերանորոգման աշխատանքների կատարման 8 պայմանագրեր՝ տարբեր արժեքներով:

Կազմված կատարողական ակտերով համայնքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները՝ ընկերություններին վճարելով պայմանագրերով նախատեսված ամբողջ գումարը: Մինչդեռ ՀՀ ՊՎԾ աշխատակիցների կողմից նշված պայմանագրով կատարված աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրմամբ հայտնաբերվել են կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ։

Այդ կերպ 2015-2019թթ. համայնքապետարանի պատասխանատու անձինք կատարողական առերևույթ մտցրել են փաստացի չկատարված աշխատանքների կատարման վերաբերյալ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11մլն ՀՀ դրամ համայնքային միջոցներ:

Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել