Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց․ Նիկոլ Փաշինյան
14:59 - 03 մայիսի, 2021

Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց․ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ Ազգային ժողովը պետք է ընտրեր վարչապետ, սակայն, ըստ պայմանավորվածության, քվեարկությունը չպետք է տեղի ունենար, և վարչապետի միակ թեկնածուն չպետք է ընտրվեր։ 

Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ ունեցավ, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո, ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, եւ այդ համակարգը հիմնված է եղել նախ եւ առաջ հայ-ռուսական համատեղ զորախումբ եւ ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համարակգ ունենալու վրա։

Ես առիթ ունեցել եմ ասելու՝ բոլոր էն մարդիկ, որոնք փորձում են ի ցույց դնել, թե կայացրած մի շարք որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել, օրինակ, Սյունիքի մարզի համար, նրանք ուղղակի իրավիճակը խոր չեն գնահատում, որովհետեւ իրականում տեղի է ունեցել հակառակը, որովհետեւ ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է, ինչպես առաջ, հայ-ռուսական զորախմբի համատեղ ուժերով եւ ջանքերով, բայց դա չի նշանակում, որ ամեն տեղ պետք է մարտական դիրքեր եւ պոստեր դրված լինեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել, եւ դրանց հիմանդրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ խնդիրն այն է, որ անվտանգային համակարգը, որն ունեցել ենք եւ ունենք, տարածվել է ՀՀ սահմանների վրա, իսկ որո՞նք են այդ սահմանները․ «Այդ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ ԱԺ-ն՝ 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով, հիմա էս դահլիճում մարդիկ կան, որոնք թմբկահարում են, թե ինչո՞ւ է ՀՀ սահմանն «էստեղ», եւ ինչո՞ւ է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը, բայց էդ մարդիկ հիմա քափ-քրտինքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն էդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակում տեղ զբաղեցնեն։ Մեկը կարո՞ղ է էս տրամաբանությունը բացատրել։

Կարեւոր հարց է բարձրացվում՝ կապիտալիզացնել հեղափոխության արդյունքը՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում։ Իսկ ինչքանո՞վ է դա հնարավոր։ Կա մի մոլորություն, որը բարձրաձայնում են նաեւ փորձառու մարդիկ։ Օրինակ՝ ասվում է՝ բանակցային գործընթացում ով կառուցողական մոտեցում է ցուցաբերում, նա ճնշումների չի ենթարկվում, իսկ ով ապակացուռցողական է, նա ճնշումների է ենթարկվում։ Էս պրակտիկան ինչքանո՞վ է իրականությանը համապատսխանում․ 2011 թվականին Կազանում Ադրբեջանն ուղղակի համաձայնեցված փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել, եւ ի՞նչ եղավ դրանից հետո։ Դրանից հետո Ադրբեջանը 2014 թվականին խոցեց հայկական ուղղաթիռ, 2015-ին աննախադեպ ծավալի հասցրեց սահմանային էսկալացիան, 2016-ին սկսեց պատերազմ։ Դրա արդյունքում ի՞նչ եղավ, Ադրբեջանին սկսեցին ճնշե՞լ, ո՛չ, հակառակը տեղի ունեցավ։ Ես ասացի՝ փոխվեց բանակցային տրամաբանությունը, որ ասացին՝ ոնց որ Ադրբեջանը ճիշտ է ասում, իսկ կարո՞ղ է սկսենք էդ տրամաբանությամբ շարժվել։

Ընդհանրապես, պետք է հասկանանք, լավ, պատերազմը բռնկվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, բայց էդ պատերազմը սենց միանգամից օդից ընկե՞լ է։ Բա 2016-ի ապրիլին ի՞նչ է տեղի ունեցել, բա դրան նախորդած շրջանո՞ւմ։ Բա էն ժամանակ, որ տարիներով բարձրաձայնում էինք՝ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելը բերելու է անշրջելի հետեւանքների․․․ բա քսան տարի դրա մասին խոսվել է։ Հասկանո՞ւմ եք՝ Ղարաբաղը հայկական կողմը սեփական ձեռքերով դուրս թողնի բանակցային գործընթացից՝ հանուն իշխանության։ Այո, էն ժամանակ Հայաստանը կարող էր ասել՝ ես առանց Ղարաբաղի չեմ բանակցում, ու ոչինչ տեղի չէր ունենա։

Ավելին՝ էդ որ էդպես մեծ-մեծ խոսում են։ Էկեք տեսնենք՝ 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում կոնսենսուսով ինչ է ընդունվել․ փաստաթուղթ, որը կոչվում է «Եվրոպայում անվտանգության խարտիա»։ Հայաստանն ամենաբարձր մակարդակով մասնակցել եւ կողմ է քվեարկել։ Մեջբերում փաստաթղթից․ «Մարդու իրավունքների՝ ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի նրանից, որ ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ուշադրություն դարձրեք,- «ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաեւ հիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական եւ կրոնական ինքնության պաշտպանության եւ խթանման միջոցներ են՝ գոյություն ունեցող պետության ներսում»։ Էս փաստաթղթին ՀՀ-ն 99-ին կողմ է քվեարկել։

Դե հիմա եկեք դնենք շարքի մեջ․ ԼՂ-ին դուրս ես թողնում բանակցային գործընթացից, ասում ես՝ նորմալ է, որ միջազգային հանրությունն ազատագրված տարածքները համարում է օկուպացված, գնում, Ստամբուլում կողմ եք քվեարկում Թվրոպայի  անվտանգության խարիտիային, որտեղ էս պարբերությունն ունի առանցքային նշանակություն, ու հետո ի՞նչ ես ուզում։

Ի՞նչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո․ տեղի է ունեցել մի պարզ բան․ մենք, որ ասել ենք՝ նույն կետից չենք սկսելու, ո՞րն է նույն կետը, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ լավատեսության տեղ չեն թողնում Ադրբեջանի ակնկալիքները։ Մենք պետք է գնայինք-գայինք, ասեինք՝ պատերազմը պետք է կանխել ու էդ անընդունելի պայմաններն ընդունենք։ Ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք՝ մենք հուսահատ կռիվ ենք տվել էդ ամեն ինչի դեմ, հուսահատ կռիվ ենք տվել․․․ չենք հանձվել, կռիվ ենք տվել։ Էսօր կա էդ կռիվը, մենք նենց չի՝ կաբինետներում փակված ենք էդ կռիվը տվել։ Ես չեմ հասկանում, դա նորմալ է՞, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ասում են՝ 5000, 7000 մարդ տարավ կոտորեց։ Էդ պատերազմը իմ ընտանիքի կողքով չի անցել։ Իմ որդին եղել է առաջանգծում, էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը, իմ որդու հետ կողք-կողքի մարդիկ զոհվել են, որեւէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը, էդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է։

Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, էնպիսի կռիվ, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատում, ու տասնյակ էդպիսի օրինակներ։ Որովհետեւ մենք համարել ենք, որ որպես ազգ, որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է պայքարենք մեր իրավունքների համար, մենք չենք հանձնվել։ Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց։ Բա ի՞նչ պետք է անեինք, պետք է ասեինք՝ հա, ԼՂ բնակչություն, դե եկեք հաշվենք՝ ԼՂ ադրբեջանցի բնակչությունն ինչքա՞ն է։ Երեկ էդ մարդը (Սարգսյանը - խմբ․), ասել է ԼՂ բնակչություն, դուք լսել ե՞ք, ես ասեմ՝ ԼՂ բնակչություն, ես ասել եմ՝ ԼՂ ժողովո՛ւրդ, ինչ տարբերությո՞ւն, որ ժողովուրդը սահմանադրական սուբյեկտ է, որին պատկանում է իշխանությունը, որը ձեւավորել է իր իշխանությունը, բնակչությունը ո՞րն է։

Այո, մենք կռիվ ենք տվել, եւ ասում եմ՝ իմ ընտանիքն էդ կռվի մեջ է եղել, որեւէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար մի մմ ավելի բան եմ արել, քան մյուս հազարավոր էրեխեքի համար, որեւէ մեկը չի կարող էդպիսի բան ասել։ Նույն խրամաջջի մեջ գտնվող տղան, իմ որդու ընկերը, որը իր նման կամավոր է մեկնել, ականանետի պայթյունից զոհվել է, կողք կողքի իրար կապծ են եղել, էդ տղան զոհվել է, իմ որդին՝ չէ, ո՞վ է որոշել դա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել