Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին
13:23 - 03 մայիսի, 2021

Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պատերազմից կես տարի է անցել, բայց Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, եւ մեր անվտանգությունը մտահոգիչ վիճակում է․ «Ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ երբ մեր հանրային դիսկուրսը լսում է, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։

«Մեկը կար՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեի Ալիեւի տեղը, այ հիմա կհարձակվեի (նկատի ունի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին  խմբ․)։ Հիմա մենք ճշգրտում ենք ուղղությունները, հրապարակեք, ասեք՝ կոորդինատ էսինչից էսինչը չունենք խրամատներ, էստեղ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, բայց այ էս կողքը փոքր միջանց կա, կարելի է մտնել․․․ մենք հասկանում ե՞նք՝ ինչ ենք անում ընդհանրապես»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։

Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ առաջնագիծն ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում է, եւ նրանք շատ լավ տեսնում են, ինքն էլ որեւէ գաղտնիք չբացեց, այլ ինքն ուղղակի իր մտահոգությունն է բարձրաձայնում։

Փաշինյանը հավաստիացրեց, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ ինքը՝ Թովմասյանը, չեն կարող տեսնել այն ամենը, ինչն արվում է, որովհետեւ արվողի մեծամասնությունն արվումէ  գաղտնի։

«Այն առաջնագիծը, որը տեսանելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»,- եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել