«Մենք պատերազմը պարտվեցինք, բայց խաղաղությունը պարտավոր ենք հաղթել»․ Կողբում տնկվեց 7000 ծառ
19:41 - 02 մայիսի, 2021

«Մենք պատերազմը պարտվեցինք, բայց խաղաղությունը պարտավոր ենք հաղթել»․ Կողբում տնկվեց 7000 ծառ

2020 թվականի հոկտեմբերին լրացավ «Կողբ» հիմնադրամի 7-ամյակը, ինչի առթիվ Տավուշի մարզի Կողբ համայնքի վարչական տարածքում` 5 հեկտար հողատարածքում, տնկվեց 7000 անտառային, անտառային-պտղատու եւ գեղազարդ ծառ:

Հիմնադրամի կազմակերպած ծառատունկից հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է Կողբ գյուղում կառուցվող «Թումո» կենտրոնի շինարարությունն ավարտին հասցնելուն։ Կենտրոնի կառուցմանը աջակցում էին հենց իրենք՝ այցելուները, որոնք նախօրոք ամրագրել  էին իրենց անվանական ծառերն ու եկել Կողբ՝ տնկելու դրանք։

Կողբ գյուղում կառուցվող «Թումո» կենտրոնում տեխնոլոգիական կրթություն կստանան 1000 պատանիներ՝ Կողբից եւ հարակից բնակավայրերից, ինչպես նաեւ մոտակա զորամասի զինծառայողները։

Կառուցվելիք կենտրոնի բետոնային աշխատանքներն ավարտին են հասցվել, եւ այցելուները հնարավորություն ունեցան շրջելու շինհրապարակի տարածքում։

Այցելուները եւ հյուրերը Կողբի թանգարանային ցուցանմուշների սրահում ծանոթացան գյուղի անցյալին եւ ապրելակերպին։ Ցուցասրահում պահպանված էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների նամակներն ու սեւ թղթերը։ Կողբից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 750 հոգի, զոհվել՝ 276-ը։ Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Սասուն Մուրադյանը նշեց, որ պատրաստվում են վերծանել նամակները եւ ներկայացնել այցելուներին։

«Այստեղ փորձել ենք ներկայացնել գյուղի պատմությունը, կան մեզ համար ե՛ւ ցավալի, ե՛ւ հպարատանալու առիթ տվող իրադարձություններ»,–նշեց նա;

Այնուհետեւ Կողբի Գեղարվեստի դպրոցում այցելուները ծանոթացան սաների աշխատանքներին։ Տնօրենը նշեց, որ դպրոցում աշխատում է տասը ուսուցիչ, որոնք հիմնականում աջակցություն չեն ստանում ո՛չ պետությունից, ո՛չ համայնքից։ 

«Դպրոցը ինքնաբավ դարձնելու ճանապարհին ենք։ Ունենք ոչ միայն նկարչական ճյուղերի խմբակներ, այլեւ քանդակագործություն, կավագործության, այժմ նաեւ 3D մոդելավորման, արդեն պատվերներ ենք ստանում, ցանկություն ունենք նաեւ ստարտափ հիմնելու։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մրցունակ կադրեր տանք․ մինչ այս ունեցել ենք 120 ուսանող»,–նշեց տնօրեն Կարապետ Ղուլիջանյանը՝ հավելելով, որ իրենց ուսանողները, կրթություն ստանալով, վերադառնում են գյուղ՝ անվճար հիմունքներով ուսուցիչների գործը շարունակելու։ 

Այնուհետեւ միջոցառման մասնակիցները ուղեւորվեցին դեպի «Զիկատար» պետական Արգելոց՝ տնկելու իրենց անվանական ծառերը։

Օրվա վերջում տեղի ունեցավ երաժշտական միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան «Լավ էլի» եւ «Թմբաթա» երաժշտական խմբերը։

Միջոցառումը երզրափակվեց «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանի խոսքով․ «Մենք պատերազմը պարտվեցինք, բայց խաղաղությունը պարտավոր ենք հաղթել եւ հենց այս ձեւով»։

Զարա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել