Ավիաչվերթներ Ուկրաինայի և Հայաստանի միջեւ. մեկնարկը տրվել է |armenpress.am|
15:55 - 30 ապրիլի, 2021

Ավիաչվերթներ Ուկրաինայի և Հայաստանի միջեւ. մեկնարկը տրվել է |armenpress.am|

armenpress.am: «BEES AIRLINE» բյուջետային ավիաընկերությունը սկսել է Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ չվերթների իրականացում, մեկնարկը տրվել է ապրիլի 29-ին: Մեկնարկային թռիչքի ուղևորներից է եղել «BEES AIRLINE» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Ջիջորան:

Հրավիրված ասուլիսում Ալեքսանդր Ջիջորան նշեց, որ արդեն թռիչք է իրականացվել նաև Երևանից դեպի Կիև ուղղությամբ:

«Դեպի Երևան ուղղությունը բացելը մեզ համար նշանակալի իրադարձություն է, մենք շատ սիրում ենք այս երկիրը և ցանկանում ենք, որ որքան հնարավոր է մեծ թվով ուկրաինացիներ Հայաստանի հետ ծանոթանալու հնարավորություն ունենան: Թռիչքներն այնպես ենք դասավորել, որ ուկրաինացիները 3 օրով կամ մեկ շաբաթով կարողանան գալ Հայաստան, այցելել պատմամշակութային վայրեր, փորձել հրաշալի խոհանոցը: Նույն հաջողությամբ ակնկալում ենք նաև զբոսաշրջիկներ Հայաստանից: Հայերին առաջարկում ենք մատչելի թռիչքի հնարավորություն՝ լինել Կիևում, Ուկրաինայի այլ քաղաքներում, անցկացնել լավ ժամանակ, ծանոթանալ մշակույթին և, իհարկե, ուշադրության կենտրոնում պահել խոհանոցն ու խմիչքները: Ես կառաջարկեի անպայման համտեսել ուկրաինական բորշչ, թեպետ բազմազանությունն այնպիսին է, որ օրեր շարունակում կարող են փորձել տարբեր ճաշատեսակներ»,- ասաց Ալեքսանդր Ջիջորան:

Հայաստանում «BEES AIRLINE» ավիաընկերության գլխավոր գործակալ «Sky service» ընկերության տնօրեն Արսեն Բաբաջանյանը նշեց, որ «BEES AIRLINE»-ի հետ համագործակցությունը սպասված էր: Նրա խոսքով, սա լավ հնարավորություն է Ուկրաինայի հայ համայնքի համար, որի ներկայացուցիչները շատ ավելի մատչելի տոսմերով կարող են ճանապարհորդել Հայաստան:

«Ասեմ, որ ավիաընկերությունն ունի մի քանի եվրոպական ուղղություններ: Մասնավորապես, դեպի Կիպրոս, Բուլղարիա, Հունաստան: Առջևում ամառ է, արձակուրդների շրջան է, իսկ իմ նշած երեք երկիրն էլ տուրիստական ակտիվ ուղղություններ են: Կարող եմ նշել, որ «BEES AIRLINE»-ն ունի Boing 737-800 ինքնաթիռներ, որոնք հայտնի են իրենց հարմարավետությամբ: Շնորհիվ մեծ ինքնաթիռների, մենք կարողանում ենք առաջարկել մեծ քանակությամբ էժան տոմսեր»,-ասաց Արսեն Բաբաջանյանը: Նա նկատեց, որ թռիչքներն իրականացնում են Կիևի Sikorsky օդանավակայանից, որը  մայրաքաղաքի կենտրոնից ընդամենը 7 կմ հեռավորության վրա է, ինչը շատ կարևոր է զբոսաշրջիկների համար:

Ավիատոմսերի վաճառքի և ամրագրումների առաջատար մասնագետ Շուշան Ավետիսյանի խոսքով՝ թռիչքները շաբաթ երկու անգամ են կատարվելու, Երևանից լինելու է շաբաթվա առաջին և հինգերրոդ օրերը:

«Մեր գնային առաջարկները բավական մատչելի են, օրինակ, առաջիկա թռիչքի համար, մայիսի 3-ին մեկ ուղղությամբ տոմսն առանց ուղեբեռի արժի 45 հազար դրամ: Հետադարձով այն կարժենա 74 հազար դրամ: Նշեմ, որ կարճ ժամանակում ունենք համագործակցության բազմաթիվ հայտեր մեր գործակալներից, որոնք զբաղվում են վաճառքով: Տոմսերի ձեռք բերման համար մեր քաղաքացիները կարող են դիմել Երևանի Նալբանդյան, 23/17 հասցեով կամ ցանկացած գործակալական գրասենյակ, որը զբաղվում է տոմսերի վաճառքով: Կայքից նույնպես ինքնուրույն կարող են ձեռք բերել ավիատոմսեր: Ունենք ավիատոմս առանց ուղեբեռի, սակայն 7 կգ ձեռքի ուղեբեռ նախատեսված է բոլոր ավիատոմսերի համար: Կան նաև ուղեբեռով տարբերակներ»,-ասաց Շուշան Ավետիսյանը:

Ներկայում «BEES AIRLINE»-ը թռիչքներ է կատարում հետևյալ ուղղություններով՝ Կիև-Երևան-Կիև, Կիև-Թբիլիսի-Կիև, Կիև-Բաթում-Կիև: Առաջիկայում՝ ամռան սկզբին նախատեսվում է Օդեսա-Երևան-Օդեսա ուղղությունը ևս բացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել