Առաջին խնդիրը օրենսդրական է. դատախազն անդրադարձավ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ դատարանների որոշումներին |1lurer.am|
14:38 - 30 ապրիլի, 2021

Առաջին խնդիրը օրենսդրական է. դատախազն անդրադարձավ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ դատարանների որոշումներին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր անդրադարձավ ձերբակալության որոշումները դատարանների կողմից ոչ իրավաչափ ճանաչելու պրակտիկային:

«Մենք ունեինք ժամանակ, երբ ձերբակալումը դատարանում չէր վիճարկվում, եթե չեմ սխալվում՝ դա 2015-2016 թվականներից սահմանվեց: Դրանից մեկ-երկու տարի անց էլ չեք հիշի դեպք, որ դատարանները որևէ անձի ձերբակալում ճանաչած լինեն ոչ իրավաչափ: Այսինքն՝ ունեցել ենք կարծրացած պրակտիկա, որ մենք մի օր հեղափոխել ենք, տվել ենք դատարանին հնարավորություն, և օրենսդրական մակարդակում էլ ունեցել ենք դրան ոչ համարժեք կարգավորումներ: Ինչո՞ւ եմ ասում ոչ համարժեք. երբ մենք ձերբակալման հիմքերի և նպատակների վերլուծություն ենք իրականացնում, տասնյակ օրինակներ կարող եմ բերել, որ հարկադրանքի այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունն օբյեկտիվորեն կա, բայց դա չի տեղավորվում մեր օրենսդրությամբ սահմանված ձերբակալման հիմքերի ու նպատակների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սրա հետ կապված առաջին խնդիրը համարում ենք օրենսդրական»,- նշեց Արթուր Դավթյանը:

Ըստ նրա՝ քանի որ նախկինում ձերբակալության որոշումները չեն բողոքարկվել դատարանում, քննիչները ձերբակալման արձանագրություններն օրենքին համապատասխան չեն կազմել: «Համեմատած նախորդ տարվա, դրանից ավելի առաջվա հետ, ձերբակալման արձանագրություններն անհամեմատ ավելի որակով են»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև ձերբակալման արձանագրությունների վերաբերյալ դատարանների մեկնաբանություններին: «Դատարանների կողմից այնպիսի մեկնաբանություններ ունենք, որ եթե նախադեպ դարձնենք, գործնականում ոչ մեկին չպետք է ձերբակալենք,- ասաց նա՝ ամփոփելով,- կարծրացած պրակտիկա, իր հետ բերած բազում թերություններ, և այսօր դատարանների կողմից շատ հաճախ ճիշտ հակառակ մեկնաբանություններ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել