ՍԴ մեկնաբանությունը ստանալուց հետո կկարողանանք նորմը վերաորակել, եւ վարույթը կշարունակվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armtimes.com|
14:29 - 30 ապրիլի, 2021

ՍԴ մեկնաբանությունը ստանալուց հետո կկարողանանք նորմը վերաորակել, եւ վարույթը կշարունակվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին՝ ասաց, որ ՍԴ-ից մեկնաբանությունը ստանալով կարողանալու են ընդհանուր նորմի վերաորակում իրականացնել, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի: 

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով Քոչարյանը եւ մյուսները մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ։ Դատարանն այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց. դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել է: Մեղադրական կողմը եւ տուժողների իրավահաջորդները, պնդում են, որ արարքը պետք է վերաորակվի, որովհետեւ թեեւ հոդվածը չկա, բայց հանցանքը կա: 

Ի պատասխան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարցի խոսելով այս մասին՝ Դավթյանը մեկնաբանեց նաեւ, թե ինչու էր Քոչարյանի եւ մյուսների արարքը ի սկզբանե որակվել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով.

«Մենք հրապարակային ներկայացրել ենք, թե ինչու է ժամանակին արարքի որակման մեջ  հատուկ նորմին տրվել առավելությունը, որովհետեւ դա պարզ իրավական տեխնիկայի կանոն է՝ սահմանված իրավական ակտերի մասին օրենքով: Այլ բան չէր կարող անել վարույթ իրականացնողը, երբ տեսնում է՝ նկարագրված արարքը համապատասխանում է իշխանությունը վերազանցելուն եւ դրա արդյունքում ծանր հետեւանքներ առաջացնելուն, եւ տեսնում է, որ այդ ծանր հետեւանքները ոչ թե գործնականում պարզագույն հետեւանքներ են համեմատության մեջ, այլ սահմանադրական կարգի հիմունքների ուղիղ դադարեցման հետեւանքներ»,- պարզաբանեց Դավթյանը:

Այնուհետեւ, անդրադառնալով արարքի վերաորակմանը՝ շարունակեց. «Այսինքն ստեղծված իրավիճակում մենք ի՞նչն ենք վիճարկում Սահմանադրական դատարանում. երբ որ արարքի որակման հետ կապված մենք դատարանում տեսնում ենք փոփոխություն, քրեադատավարական օրենքը մեզ տվել է հնարավորություն՝ վերաորակելու: Բայց այդ հնարավորությունը նախատեսող քրեադատավարական նորմը՝  309.1 հոդվածը եւ դրան Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի մինչ օրս տված մեկնաբանությունները վկայում են, որ այդ վերաորակումը կարող է պայմանավորվել միայն փաստական հանգամանքների հետ, ապացուցողական բազայի՝ պարզ լեզվով ասած: Զուտ իրավական, ոչ փաստական կողմին վերաբերող հարցերով վերաորակման հնարավորություն չի տալիս: Եվ սա առիթ հանդիսացավ, որ մենք ՍԴ առջեւ բարձրացնենք այդ խնդիրը՝ ստանանք մեկնաբանություն Սահմանադրական դատարանից: Մեր ակնկալած մեկնաբանությունն այն է, որ այո՛, դրանով խախտվում է արդար դատաքննության իրավունքը, դրանով խախտվում են տուժողների իրավունքները եւ այդ մեկնաբանությունը ստանալով մենք կարողանալու ենք վերաորակում իրականացնել ընդհանուր նորմի, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի»: 

Անդրադառնալով հարցին՝ արդյոք կա՞ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն, որպեսզի նման իրավիճակներում խնդիրը կարգավորելու հնարավորություն լինի՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Այո՛, 309.1 հոդվածը բարելավման կարիք ունի, որ այս իրավիճակում մենք ունենանք պատշաճ արձագանք՝ արդար դատաքննության իրականացման համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել