Կառավարությունը ևս 2 մլրդ դրամ կուղղի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի իրականացմանը   |armenpress.am|
11:45 - 29 ապրիլի, 2021

Կառավարությունը ևս 2 մլրդ դրամ կուղղի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի իրականացմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացմանը:

Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը:

2019 թվականին ընդունվեց Կառավարության N 1666-Ն որոշումը, որի նպատակն է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովումը։

2019 թվականին ընդունված որոշմամբ սահմանված ծրագիրը, հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, իրականացվում է փուլային եղանակով։ 

Ծրագրի առաջին փուլն ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։ 

Ծրագրի երկու փուլերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսը (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել