Աշխարհում նոր կարգ է մտցվելու՝ կանաչ անձնագիր չունեցող, այսինքն՝ չպատվաստված անձինք չեն կարող ճամփորդել. Քերոբյան |1lurer.am|
11:19 - 29 ապրիլի, 2021

Աշխարհում նոր կարգ է մտցվելու՝ կանաչ անձնագիր չունեցող, այսինքն՝ չպատվաստված անձինք չեն կարող ճամփորդել. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների հետ կապված մենք շատ շոշափելի արդյունք չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ՝ Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ կարևոր է խլացնել այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ:

«Պարո՛ն Քերոբյան, պետք է բիզնեսին ևս ներգրավել, որ այս պրոցեսը պատշաճ մակարդակով իրականացվի, պարո՛ն Հարությունյան, կարծում եմ, որ ԶՈՒ-ում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, և ընդհանրապես՝ պետական մարմիններում: Մենք այդ առաջնահերթությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն՝ մենք պատվաստված ենք և շարունակում ենք կենդանի մնալ»,- նշեց Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ շփումները ցույց են տվել, որ առաջատար երկրները պատրաստվում են նոր կարգեր մտցնել աշխարհում ճամփորդությունների վերաբերյալ: Եվ այն մարդիկ, ովքեր չունեն կանաչ անձնագիր, այսինքն՝ պատվաստված չեն, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդելու:

«Բոլոր գործատուները, ում վերաբերում են այս սահմանափակումները, պետք է շահագրգիռ լինեն՝ ինչքան հնարավոր է արագ ավելացնել պատվաստված աշխատակիցների քանակը, որ մենք հնարավորություն ունենանք վերացնելու այս սահմանափակումները, ինչպես նաև երկրից մուտք ու ելքի բոլոր սահմանափակումները»,- նշեց Քերոբյանը:

Չպատվաստված քաղաքացիների համար ճամփորդելու սահմանափակումներին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է, որ այսօրվանից թվայանացված տեղեկատվությունը պատվաստված քաղաքացիների մասին մենք ունենանք:

«Պետք է բոլոր պատվաստված քաղաքացիներին վայրկյանների ընթացքում գտնենք՝ գուցե անձնագրում պետք է ինչ-որ շտամպ խփել, կարող է պարզվի, որ ինչ-որ դրոշմանիշ է պետք թողարկել»,- նշեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել