Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին
21:55 - 28 ապրիլի, 2021

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի կառավարման մասնագետ, շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Մարինա Վարդանյանին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանին։
 
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել կատարված ահռելի աշխատանքի ու ոլորտին նվիրումի համար և, մասնավորապես, ընդգծել, որ առկա է փոխգործակցության չիրացված ներուժ․ պետք է անել հնարավորը դրա առավելագույն արդյունավետ օգտագործման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ԳԱՏՕ ծրագրի կողմից արդիականացված ջրային ռեսուրսների պետական կադաստրի, Արարատյան դաշտի ընտրված ձկնաբուծարաններում ստորերկրյա ջրառի փաստացի ծավալները առցանց մշտադիտարկելու և ջրօգտագործման թույլտվությունների հայտերը առցանց ներկայացնելու հարթակի գործարկման և տվյալների հասանելիության նպատակով շրջակա միջավայրի նախարարության մոտեցումները և որոշումները։

Անդրադարձ է կատարվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ջրային ռեսուրսներին վերաբերող առաջիկա ծրագրերին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքների կարգավիճակին ծրագրի ավարտական փուլում։

«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» հինգ տարի 10 ամիս տևողությամբ ծրագիրը, որի նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը:

Ծրագրի հիմնական նպատակն է Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցումն ու կայուն վիճակի ապահովումը: Ծրագրի բյուջեն կազմում է 5,591,630 դոլար։

Վերոնշյալ նպատակներն իրագործելու համար ԳԱՏՕ ծրագիրը աշխատում է հետևյալ ուղղություններով՝ ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալներ, տեխնոլոգիաներ, իրավական դաշտի, իրավակիրարկման մեխանիզմների բարելավում, շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ ձևաչափում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել