Թուրքական ռազմաբազա Վրաստանու՞մ․ ասեկոսեների հետքերով |fip.am|
12:09 - 28 ապրիլի, 2021

Թուրքական ռազմաբազա Վրաստանու՞մ․ ասեկոսեների հետքերով |fip.am|

fip.am: Վերջին օրերին հայկական մամուլում ակտիվորեն քննարկվում էին Վրաստանում թուրքական ռազմաբազա կառուցելու մասին տեղեկությունները։ Ըստ դրանց՝ Թուրքիան Ջավախքում պատրաստվում է կառուցել ավիաբազա, որը կարող է օգտագործել ավելի կարճ ճանապարհով Ադրբեջանի ռազմական բազաներ հասնելու համար։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս խոսակցությունների աղբյուրները և հետազոտել է բաց աղբյուրների տեղեկությունները։ 

Ինչ են քննարկում հայկական լրատվականները 

Թուրքիայի՝ Ջավախքում և Մառնեուլիում կառուցվելիք ռազմաբազաների մասին խոսակցությունները կրկին տարածվեցին 2020 թ. աշնանը՝ մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում՝ սկզբնական շրջանում հիմնականում ռուսական լրատվամիջոցներին հղում անելով։

«Արմնյուզ» հեռուստաընկերությունն օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, կրկին անդրադարձել էր այս թեմային՝ որպես տեղեկության աղբյուր ներկայացնելով ռուսական մամուլը։ 

Լրատվամիջոցներում տարածվող մեկ այլ պնդմամբ՝ Ջավախքում նախկին ռուսական բազայի տեղում հիմնվում է թուրքական ռազմաբազա։ «Դեռ հայտնի չէ՝ Ջավախքինը 100 տոկոսանոց հաստատ ծրագի՞ր է, թե՞ ոչ»,- ասվում է «Արմնյուզի»՝ այս թեմայով երկրորդ ռեպորտաժում։  

Ռեպորտաժում, միևնույն ժամանակ, մեջբերվում է արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքը, որում վերջինս նշում է, որ հենց Վրաստանն է ավելի վաղ Ջավախքում կառուցել սեփական «ռազմական օբյեկտ», իսկ այլ երկրների հետ համագործակցության մասին խոսք չկա։ Այս թեմայով քննարկում եղել է նաև Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի եթերում։ 

Թուրքիան «մի քանի անգամ» ռազմաբազա է կառուցել Վրաստանում

Հայկական մեդիայում Վրաստանի տարածքում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին քննարկումները նորություն չեն․ դրանք ակտիվանում են վերջին մի քանի տարիներին՝ որոշակի ընդմիջումներով։ 2016 թ. սկզբին քննարկվում էր Վրաստանում և Նախիջևանում  ռազմաբազա կառուցելու հարցը։ «Ռազմաբազա կառուցելու» հարցը Վրաստանի և Թուրքիայի իշխանությունները քննարկել են դեռ 2004-ին, ինչը կրկին տարածվել էր մամուլում։ Այս քննարկումները ժամանակին լուրջ արձագանք էին գտել նաև ջավախահայերի շրջանում։

Բոլոր տարիներին քննարկումները վերաբերում էին հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքի ավիաբազային և Ջավախքում նախկին ռուսական ռազմաբազայի վայրում կառուցվելիք բազային։ 

Հատկանշական է, որ թե՛ վրացական և թե՛ միջազգային արժանահավատ աղբյուրներում Վրաստանում կառուցվող կամ կառուցվելիք ռազմաբազայի մասին հրապարակումներ չկան․ առկա բոլոր տեղեկությունները վերաբերում են թուրքական դրամաշնորհներով վերականգնվող վրացական ռազմաբազային։ Բացի այդ, այս համագործակցությունը մինչ այս չի ներառել թուրքական ուժերի անմիջական ներկայություն Վրաստանի տարածքում։ 

Թուրք-վրացական ռազմական համագործակցությունը ևս նոր չէ

Վրաստանում Թուրքիայի ռազմական ներկայության մասին խոսակցությունների հիմքում վրաց-թուրքական զարգացող համագործակցությունն է։ 

Այս համագործակցությունն ունի տասնյակ տարիների պատմություն՝ սկսած Սովետական Միության փլուզումից։ 1992 թվականին ռազմական կրթության ոլորտում եռակողմ համաձայնագիր է կնքվել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Թուրքիան և Վրաստանը ռազմական վարժանքների, տեխնոլոգիաների և գիտության ոլորտի համաձայնագիր էին կնքել 1996 թվականին։ 

Մառնեուլիի ավիաբազան վնասվել էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում՝ ռուսական կողմի հարվածներից, որից հետո Թուրքիան և Վրաստանը համագործակցում են նաև այդ ռազմաբազայի արդիականացման և վերազինման ուղղությամբ՝ Թուրքիայից տրամադրվող դրամաշնորհների միջոցով։ Նպատակներից մեկը ավիաբազան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելն է։ Միայն 2020 թվականին երկու երկրների միջև ռազմական համագործակցության շրջանակում Թուրքիան շուրջ 18 միլիոն դոլար է տրամադրել Վրաստանին, որից ավելի քան 14 միլիոնը՝ հենց Մառնեուլիի ավիաբազայի վերազինման աշխատանքների համար։

Ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները՝ կարող ենք նկատել, որ 2020 թվականի ընթացքում Մառնեուլիի ավիաբազայում վերանորոգման աշխատանքներ են տեղի ունեցել։

Շարունակությունը՝ fip.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել