Կայացավ «Շանթ դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը
23:50 - 27 ապրիլի, 2021

Կայացավ «Շանթ դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր կայացավ «Շանթ դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը։ Բացման խոսքով հանդես եկավ «Շանթ դաշինք»-ի հիմնադիր Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ համագումարի համար ընտրված օրը՝ ապրիլի 27-ը, պատահական չէ։

«Սրանից ուղիղ 100 տարի առաջ՝ 1921 թ․ ապրիլի 27-ին, Գարեգին Նժդեհը, դեմ դուրս գալով թուրքական, բոլշեւիկյան համատեղ բանակներին, Սյունիքում հռչակում է Լեռնահայաստան։ Համագումարի անցկացման համար քննարկում էինք երկու օր՝ մարտի 16-ը եւ ապրիլի 27-ը։ Մարտի 16-ին լրացավ Մոսկվայի կնքած պայմանագրի՝ «Լենին-Աթաթուրք»-ի 100 ամյակը, որը ամբողջովին ջախջախեց մեր նորաստեղծ հանրապետությունը։ Խորհրդային Ռուսաստանը Հայաստանը բաժանեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ մնացած մասում հաստատեց խորհրդային կարգեր․ այդպիսով վերացավ մեր անկախ պետականությունը։ Որպես նշան որոշել էինք համագումարն անցկացնել եւ մեր կուսակցական պայքարը սկսել այդ օրը, սակայն դրանից առավել լավ ու հաղթական օր ունենք մենք՝ ապրիլի 27-ը, եւ որոշեցինք մեր կուսակցական գործունեությունը սկսել  ոչ թե մեզ պարտության մատնած պայմանագրի դեմ դուրս գալով, այլ մեզ հաղթանակներ բերած ապրիլի 27-ով՝ Լեռնահայաստանի օրով»,- բացման խոսքում ասաց Շահեն Հարությունյանը։

Կուսակցության անունի վերաբերյալ Հարությունյանն ասաց, որ ի սկզբանե որոշում էր կայացվել կուսակցությունը գրանցել որպես «Ազգային միացյալ նախաձեռնություն»

«Սակայն հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ մեր առջեւ շատ սուղ ժամանակը, որոշեցինք հանրությանը ներկայանալ ավելի հեշտ հիշվող եւ ավելի ընդգրկուն իմաստ ունեցող անունով։ Մեր կուսակցությունը կկոչվի «Շանթ դաշինք»»։

Բացման խոսքից անմիջապես հետո եղավ կուսակցության անունը հաստատելու քվեարկությունը, եւ այն ընդունվեց միաձայն։ Այնուհետեւ ելույթներով հանդես եկան կուսակցության անդամները, որից հետո տեղի ունեցավ ծրագրի եւ կանոնադրության հաստատումը, ապա ընտրեցին կուսակցության նախագահին, խորհդրի կազմը եւ խորհրդի նախագահին։

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվեց Շահեն Հարությունյանի թեկնածությունը, որը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։ Շահեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ որպես կուսակցության նախագահ՝ իր առաջարկով «Շանթ դաշինք»-ի խորհրդի կազմում ընդգրկվեցին Վահե Մխիթարյանը, Մարիամ Սարգսյանը, Միքայել Գիշունցը, Լուսինե Նազարյանը, Մարինե Մուրադյանը, Արթուր Մահիկյանը, Նոնա Դիլանյանը, Էդուարդ Հովհաննիսյանը եւ Արա Հարությունյանը։ Կուսակցության նախագահի առաջարկով խորհրդի ղեկավար ընտրվեց Վահե Մխիթարյանը։

Շահեն Հարությունյանը ներկայացրեց նաեւ կուսակցության ծրագրից որոշ հատվածներ, համաձայն որի, կուսակցության նպատակն է կայացնել այնպիսի պետություն, որը հիմնված կլինի արդարության եւ ազատության իդեալի վրա։ Նրա խոսքերով՝ կուսակցության համար բարձրագույն արժեք է ճշմարտությունը, ազատությունը, հայրենիքի անկախությունն ու քաղաքացու արժանապատվությունը։ Ծրագրի համաձայն՝ կուսակցությունը նախատեսում է վերանայել պետությունների միջեւ հաստատված դաշնակցային, բարեկամական եւ թշնամական հարաբերությունների իմաստն ու էությունը, ստեղծել ազգային անվտանգության նոր հայեցակարգ՝ ազգային շահերի վրա խարսխված։ Կուսակցության նախագահի ներկայացմամբ՝ կուսակցության արտաքին քաղաքականությունը միտված է ՀՀ պետական եւ ազգային շահերի պաշտպանությանը։

«ՀՀ-ն պետք է վերանայի կնքված բոլոր միջազգային պայմանագրերը պետական եւ ազգային շահերին ներդաշնակեցնելու նպատակով։ Այս առումով անկյունաքարային է 1921 թվականի մարտի 16-ին կնքած Մոսկվայի (առավել հատնի որպես «Լենին-Քեմալ») պայմանագրի չեղարկումը, որը հակասում է ՀՀ շահերին եւ լրջագույն խոտան է Հայաստանի զարգացման համար։ Պայմանագրի չեղարկումը հնարավորություն է տալու կառուցել համագործակցության նոր ուղիներ, պոտենցիալ  դաշնակիցների հետ։ Պայմանագրի չեղարկումը մեծապես նպաստելու է Արցախյան հիմնահարցի կառուցողական լուծում գտնելու հնարավորությանը։ ՀՀ-ն պետք է կարողանա ամբողջությամբ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ Մենք վերանայելու ենք ՀՀ անվտանգային համակարգը այն ամբողջությամբ արդիականացնելու նպատակով»,- ելույթում նշեց Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ կուսակցության ծրագիրը ոչ թե ուղղակի տեքստ է, այլ իրենց կուսկացության առաջնահերթությունը։

Համագումարի վերջում ելույթ ունեցավ նաեւ Շանթ Հարությունյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համագումարի մասնակիցներին, ինչպես նաեւ ելույթ ունեցողներին գաղափարական ելույթների համար։ Հարությունյանը կարեւորեց գաղափարական համախմբումը՝ նշելով, որ պարտադիր չէ կուսակցությանն անդամագրվել․ «Կուսակցությունը մեզ համար միշտ էլ ձեւական բնույթ է կրել։ Մենք ընկերներ ենք եղել՝ հայրենիքին նվիրված եւ հայրենիքի գաղափարի շուրջ համախմբված»։

«Շանթ դաշինք» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել