Լոռու մարզում մի խումբ բնապահպաններ բողոքի խաղաղ ակցիա անցկացրին ընդդեմ բացհանքերի շահագործման

 |armenpress.am|
22:13 - 27 ապրիլի, 2021

Լոռու մարզում մի խումբ բնապահպաններ բողոքի խաղաղ ակցիա անցկացրին ընդդեմ բացհանքերի շահագործման |armenpress.am|

armenpress.am: Վանաձորցի մի խումբ բնապահպաններ ապրիլի 27-ին բողոքի խաղաղ ակցիա անցկացրին Վանաձորի «Խնձորուտ» տնկարանի հարակից տարածքում՝ պահանջելով արգելել բաց հանքերի շահագործումն ու թափանցիկ անցկացնել հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ տեղական լսումները։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, որը նշեց՝ հանրային լսումները կազմակերպում և անցկացնում են բացառապես տեղական ինքնակառավարման մարմինները։

«Հանքերի երկրաբանահետախուզական վերաբերյալ  լսումների առաջին օղակը ՏԻՄ-երն են և պետական գերատեսչական մյուս կառույցներն ի պաշտոնե հնարավոր է և տեղեկացված չլինեն դրանց ընթացքից։ Ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ չի կարող լինել հանք բացելու մի դեպք, երբ համայնքի մեծամասնությունը կոնկրետ փաստարկներով դեմ լինի, երբ այն հակասի հանրային շահին ու սպասարկի միայն որևէ շրջանակի շահերը։ Հանրային շահի հաշվին որևէ անձի օգտին հանքի շահագործման թույլտվություն չի կարող լինել»,-ասաց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը՝ վստահեցնելով, որ իր լիազորությունների շրջանակում անելու է առավելագույնը, որպեսզի համայնքի շահը և մյուս փաստարկները չանտեսվեն։

Անդրադառնալով լսումների թափանցիկության ապահովման հարցին, Պետրոսյանը Լոռու մարզպետին հորդորեց համայնքապետերի ու շահագրգիռ կողմերի հետ քննարկել և բարձրաձայնված խնդիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել