Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանվի. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին
17:22 - 27 ապրիլի, 2021

Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանվի. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահ Մոհամեդ Բենալիլուն ասոցիացիայի բոլոր անդամների անունից բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով պահպանել Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքին առնչվող դրույթը:

Գործող դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Մոհամեդ Բենալիլուն մտահոգություն է հայտնել այն մասին, որ այս դրույթի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ փոփոխությունը կթուլացնի հաստատության գործունեության ընդհանուր արդյունավետությունը և հատկապես նրա կարողությունը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ երկրի ողջ տարածքում ազատությունից զրկման վայրերն արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու համար:

Բացի այդ, ասոցիացիայի նախագահն իր նամակում արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությունը նախաձեռնվել է առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկման և ներգրավմամբ:

Հաշվի առնելով  Փարիզյան և Վենետիկյան սկզբունքները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Օմբուդսմանի և միջնորդական հաստատությունների դերը մարդու իրավունքների, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության գործում» բանաձևի վրա՝ նամակում կոչ է արվել պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել