Քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր |1lurer.am|
14:25 - 27 ապրիլի, 2021

Քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ըստ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի` 2018-ի հուլիսին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հաստատվել է Հայաստանի Առաջընթացի առաջին հաշվետվությունը` ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ տրված հանձնարարականների կատարման մասով: ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրվել է, որ թեև բացահայտված տեխնիկական թերությունների վերացման ուղղությամբ Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց, այդուհանդերձ դեռևս առկա են ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման որոշ թերություններ: Մեր երկիրը շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նշվեց, որ նախագծով սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնի հանձնարարականների ստացման մասին հաճախորդիներին կամ այլ անձանց հայտնելու արգելքը: Նշված դրույթի նախատեսումն ուղղված է լիազոր մարմնի հանձնարարականների, այդ թվում` կասկածների չբացահայտման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը:

Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների շարքից հանվել և ՖԴԿ-ին է վերապահվել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու իրավասությունը` հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի կանխարգելման առավել արդյունավետ իրականացման, այդ թվում` քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման և գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը:

Հստակեցվել են գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու կամ դադարեցնելու դրույթները, ներառյալ` ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում գործարար հարաբերության դադարեցման պահանջի հետ կապված: Լրացուցիչ կարգավորման են ենթարկվել քրեական հետապնդման մարմիններին տեղեկությունների տրամադրմանն առնչվող հարաբերությունները:

ԿԲ փոխնախագահի հավաստմամբ` նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել ոլորտի օրենսդրության պահանջների կիրարկման պրակտիկան:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել