ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում նշել են Սահմանապահի օրը
20:40 - 26 ապրիլի, 2021

ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում նշել են Սահմանապահի օրը

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 26-ին նշում են Սահմանապահի օրը: Մասնագիտական տոնի առիթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանը, տնօրենի տեղեկալները, պաշտոնատար անձինք, Սահմանապահ զորքերի հրամանատարությունն ու հյուրեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, կազմակերպված միջոցառումների շարքը մեկնարկել է 2020 թվականի արցախյան պատերազմում հավերժ հերոսացած սահմանապահների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման հոգևոր արարողությամբ՝ նրանց հարազատների մասնակցությամբ:

«Այնուհետև, Սահմանապահ զորքերի վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի է ունեցել օրվա առիթով կազմակերպված պաշտոնական արարողություն, որի ընթացքում իր խոսքով ներկաներին է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը. շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում անցել են նշանակալի ճանապարհով, կերտել իրենց ուրույն կենսագրությունը և այսօր հպարտ կեցվածքով արձանագրում են անցած ուղու ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն առանձնահատուկ ընդգծել է ինչպես 2020 թվականի արցախյան պատերազմում, այնպես էլ մեր հայրենիքի պատմության տարբեր փուլերում հավերժ հերոսացած սահմանապահների ու նաև բոլոր հերոս հայորդիների սխրագործությունները՝ հավերժ փառքի ու գնահատանքի խոսքեր հղելով նրանց հայրենանվեր առաքելությանը:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից նաև հայտնում են, որ մասնագիտական տոնի առթիով շնորհավորանքի ու հիշատակի խոսքեր են հղել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Մարալչյանը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պետ Ռ. Գոլուբիցկին և ՍԶ վետերանների միավորման խորհրդի նախագահ Հ. Կարապետյանը:

Այնուհետև, ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից հավերժ հերոսացած սահմանապահների հարազատներին են հանձնվել նրանց շնորհված պետական պարգևները:

Արարողությունն ամփոփվել է հերոս սահմանապահների մասին պատմող հայրենասիրական ակնարկային տեսաֆիլմով:

Սահմանապահի օրվա առիթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում բացվել է նաև հերոս սահմանապահների անունները հավերժացնող փառքի անկյուն-հուշատախտակ, որտեղ տեղադրվել է N սահմանապահ  ջոկատի տարածքից տեղափոխված 13-րդ դարի հայկական պատմական խաչքար՝ նպատակ ունենալով խորհրդանշել հայ ժողովրդի բազմադարյա ու հերոսական պատմության հավերժական երթը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել