ՀՀ ՊՆ-ն բացարձակ սուտ է համարում Սյունիքում դիրքեր հանձնելու մասին տեղեկությունը
20:39 - 25 ապրիլի, 2021

ՀՀ ՊՆ-ն բացարձակ սուտ է համարում Սյունիքում դիրքեր հանձնելու մասին տեղեկությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ բացարձակ սուտ է համարել տեղեկությունը, թե հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը  հանձնում է ադրբեջանական ուժերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը  հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է»,- ասվում է հայտարարության մեջ:

 
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առաջադրված խնդիրները:

«Միևնույն ժամանակ` ցավով արձանագրում ենք, որ զինված ուժերին վերաբերող կեղծ տեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումն սկսում են միտումնավոր և ուղղորդված բնույթ կրել, ինչը չի կարող լուրջ անհանգատություն չառաջացնել: Կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ներին` տուրք չտալ «սկանդալային» տեղեկություններ տարածելու շնորհիվ հավելյալ դիտումներ ապահովելու գայթակղությանը և զերծ մնալ հետպատերազմյան շրջանում ամենժամյա ռեժիմով ծանր խնդիր լուծող զինված ուժերի հեղինակությանը վնասող գործողություններից», հայտնում են ՊՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել