Կայացավ «5165» շարժման հիմնադիր համագումարը
20:02 - 25 ապրիլի, 2021

Կայացավ «5165» շարժման հիմնադիր համագումարը

Այսօր կայացավ «5165» շարժման հիմնադիր համագումարը։ Համագումարն սկսվեց ՀՀ պետական օրհներգով, որից հետո մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության եւ Արցախյան պատերազմներում զոհված մեր հայրենակիցների հիշատակը։ Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նա նշեց, որ շարժման նպատակն է համախմբել բոլոր այն նվիրյալներին, բոլոր այն արհեստավարժ հայորդիներին եւ Հայաստանի քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից, որոնք շատ լավ հասկանում են այն իրավիճակը, որում այսօր գտնվում է մեր հայրենիքը, եւ որոնք պատրաստ են համախմբվելու եւ մեր երկիրը հանելու այս խորը ճգնաժամից։ 

«Մեր երկրի ապագան վտանգված է, եւ մեր պարտքն է կանգնեցնել այդ վտանգը․․․ Մենք հրավիրում ենք բոլորին միանալ այս շարժմանը, դարձնել այն բոլորինը, եւ միասին հայտարարենք, որ մենք ենք կերտելու մեր երկրի ապագան»,-ելույթում ասաց Կարին Տոնոյանը։

Անդրադառնալով սփյուռքին՝ Տոնոյանն ասաց, որ հազարավոր նամակներ է ստացել սփյուռքից եւ վստահ է, որ եթե սփյուռքահայերը տեսնեն պայքարող եւ համախմբված ուժի, կվերադառնան։ Տոնոյանը ելույթն ավարտեց խոսելով շարժման անվան՝ «5165»-ի ծագումնաբանության մասին․ «Շատերը երբեմն շփոթել են այն ինչ-ինչ թվերի հետ եւ չեն հասկացել, թե ինչու է ընտրված հենց այս թիվը։ Կարծում եմ՝ հասկանալուց հետո իրենք էլ իրենց սրտի անկյունում կբացահայտեն այս թիվը, կհասկանան, որ այն մեր սուրբ լեռան բարձրությունն է․․․»։

Համագումարի ժամանակ ելույթ ունեցան նաեւ միջագային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը, «Հայրենիքի վերականգնման ու զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Ղազարյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրոն), «Իրավական պետություն» կուսակցության նախագահ Վարդան Քալանթարյանը, «Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների» կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, տնտեսագետ Աշոտ Պետրոսյանը։

Համագումարի վերջում ելույթ ունեցավ «5165» շարժման աշխատանքները համակարգող Սվետլանա Աճեմյանը։ Նա ներկայացրեց շարժմանն անդամագրվելու կարգը եւ ավարտեց ելույթը հետեւյալ խոսքերով․ «Համախմբումն ու ուժերի մեկտեղումն է այն միակ արդար ճանապարհը, որով մենք կվերստեղծենք մեր հզոր ազգային պետությունը»։

«5165» շարժման հիմնադիր համագումարն ավարտվեց մտքերի փոխանակությամբ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել