Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը․ ԱՄՆ նախագահի ուղերձը
20:25 - 24 ապրիլի, 2021

Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը․ ԱՄՆ նախագահի ուղերձը

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք այն բոլոր կյանքերը, որոնք կորսվեցին Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և վերստին պարտավորվում ենք կանխել նման վայրագության կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների՝ 1915 թ.-ի ապրիլի 24-ի ձերբակալությունից հետո մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան դատապարտվեցին: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որ տեղի ունեցածի սարսափները երբեք չկորսվեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք, որ միշտ զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ։

Ողջ մնացածներից շատերը ստիպված էին գտնել նոր տներ և սկսել նոր կյանքեր ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը իրենց նախնիներից շատերին բերեց մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ վստահ լինելու համար, որ տեղի ունեցածը երբեք չկրկնվի:

Այսօր, երբ սգում ենք կորուստը, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից չաղտոտված մի աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ ունակ են արժանապատվության և անվտանգության մեջ ապրել: Եկեք թարմացնենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հասնենք ապաքինման ու համերաշխության աշխարհի բոլոր մարդկանց համար:

Ամերիկացի ժողովուրդը հարգում է բոլոր այն հայերի հիշատակը, որոնք զոհվել են 106 տարի առաջ այս օրը սկսված Ցեղասպանության մեջ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել