Ադրբեջանի դեսպանը Բայդենից պահանջում է հարկադրել հայերին՝ տրամադրել ականապատված տարածքների քարտեզները |azatutyun.am|
12:25 - 24 ապրիլի, 2021

Ադրբեջանի դեսպանը Բայդենից պահանջում է հարկադրել հայերին՝ տրամադրել ականապատված տարածքների քարտեզները |azatutyun.am|

azatutyun.am: «Ամերիկայի նախագահը պետք է հարկադրի հայերին տրամադրել ականապատված տարածքների քարտեզները», - հայտարարել է Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:

US Defense One հանդեսում հրապարակած հոդվածում ադրբեջանցի դիվանագետը պնդել է` չնայած նոյեմբերի 9֊ից կրակը դադարել է, սակայն «հայկական կողմի այդ դիրքորոշման» հետևանքով դեռ մարդիկ են զոհվում ու վիրավորվում:

Պաշտոնական Բաքվի հաշվարկներով՝ հրադադարից հետո ականների պայթյուններից զոհվել է Ադրբեջանի 20 խաղաղ բնակիչ ու զինվորական, 85֊ը վիրավորվել են:

Պաշտոնական Երևանը, հիշեցնենք, շաբաթներ առաջ հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով նաև միջազգային ճնշումներին ի պատասխան՝ Բաքուն «փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ»:

«Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ: Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով», - ասված է Հայաստանի արտգործնախարարության ապրիլի 6-ի հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել