Զախարովան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից և ռևանշի ձգտումից |shantnews.am|
19:13 - 22 ապրիլի, 2021

Զախարովան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից և ռևանշի ձգտումից |shantnews.am|

shantnews.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից և ղարաբաղյան հակամարտությունում ռևանշի ձգտումից, քանի որ դա կարող է դարձյալ տարածաշրջանը կանգնեցնել պատերազմի եզրին։

Պատասխանելով հայ ռազմագերիների և գերիների վերադարձի մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ամենազգայուն խնդիրը վերացնելու ուղղությամբ։

«Ռազմագերիների խնդրի լուծման առումով մենք հանդես ենք գալիս «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ձևաչափի օգտին։ Նման քայլն իսկապես կստեղծեր բարենպաստ մթնոլորտ մի շարք շատ կարևոր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու համար», – ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Բաքվում «ռազմական ավարի պուրակի» թեմային։ Նա հույս է հայտնել, որ գործնականում կողմերը կձգտեն այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը։ Զախարովան հիշեցրել է, որ պատերազմի հետևանքով մարդկային կյանքերի հսկայական գին է վճարվել։ Ըստ Զախարովայի, հարկավոր է այս պահն օգտագործել խաղաղ կյանք հաստատելու, ոչ թե իրավիճակն ավելի սրելու համար։

«Այո՛, շատերը համաձայն չեն արդյունքի հետ։ Ինչ-որ մեկն ուզում է պատերազմի շարունակություն, ինչ-որ մեկն ուզում է ռևանշ։ Բայց արդյո՞ք դա է նպատակը։ Արդյո՞ք նման խնդիրների ստեղծումը կնպաստի կարգավորմանը կամ խաղաղության հաստատմանը։ Այդ հարցն է պետք տալ։ Պատասխանն ակնհայտ է՝ չի նպաստում», – ավելացրել է Զախարովան։

Ըստ Զախարովայի, տվյալ փուլում կարևորագույն խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատումը, դրական տնտեսական օրակարգի ձևավորումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել