100 միլիոն դրամ՝ շուրջ 10 հազար քաղաքացու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը |1lurer.am|
11:58 - 22 ապրիլի, 2021

100 միլիոն դրամ՝ շուրջ 10 հազար քաղաքացու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար. Կառավարությունը հաստատեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 100 միլիոն դրամ. գործադիրն այսօր հաստատեց որոշման նախագիծը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հիշեցրեց դեռ փետրվարին ընդունված՝ հանրության հոգեբանական վերականգնման կարգի մասին՝ ընդգծելով, որ վերաբաշխումները պայմանավորված են այս նախագծով:

«Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը», որը համապատասխան ծառայությունը մատուցելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում»,- նշեց նախարարը:

Նա մանրամասնեց, որ Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք 100 միլիոն դրամը կտրամադրվի հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար: Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետբյուջեի միջոցներով իրականացնել 44-օրյա պատերազմին մասնակցած անձանց և հանրության՝ թվով 10 հազար շահառուի հոգեբանական վերականգնումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել