Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը
12:35 - 22 ապրիլի, 2021

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստումն ավարտվել է․ որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ՀՀ Ռազմական ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ Ապրիլի 8-ից Դատախազության դիմումի հիման վրա նյութեր էին նախապատրաստվում։

Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։

Այս հայտարարությունների իսկության վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը մերժեց մեզ տեղեկություն տրամադրել՝ հիմնավորելով, որ հայցվող տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտեցինք՝ Սարգսյանի համանման հայտարարությունները համարվո՞ւմ են պետգաղտնիքի բացահայատում։ Պարզվեց՝ Դատախազության դիմումի հիման վրա ՌՈ-ում նյութեր են նախապատրաստվում, սակայն արդյունքում, ինչպես նշեցինք, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել։ Այսինքն՝ ըստ Ռազմական ոստիկանության՝ Սարգսյանի հայտարարությունները պետական գաղտնիքի տարրեր չեն պարունակում։ Փաստորեն՝ ՊՆ-ն ու ՌՈ-ն պետական գաղտնիքի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել