Ջհանգիրյանը Վարդազարյանի սենյակ չի ներխուժել. դուռը կապարազերծվել է հանձնաժողովի կողմից, տեսագրությունն էլ կա. ԲԴԽ
13:02 - 20 ապրիլի, 2021

Ջհանգիրյանը Վարդազարյանի սենյակ չի ներխուժել. դուռը կապարազերծվել է հանձնաժողովի կողմից, տեսագրությունն էլ կա. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ չի ներխուժել, դուռը կապարազերծվել է ԲԴԽ անդամների կողմից:

Այս մասին պարզաբանում է տարածել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նշելով, որ նպատակահարմար են գտել հակիրճ անդրադառնալ նախորդ օրը զանգվածային լրատվության որոշ միջոցների, մասնավորապես դրանցից մեկի հրապարակած մի քանի կեղծ լուրի:

Ըստ ԲԴԽ հաղորդագրության, «Միջադեպ ԲԴԽ-ում. Ջհանգիրյանը ստացավ Վարդազարյանի մեքենան, իսկ աշխատասենյակի համար պայքարը շարունակվում է» և «Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ» վերտառություններով հրապարակումներն աղերս չունեն իրականության հետ:

«Առաջին հրապարակումը հենց նույն օրը հերքվել է, սակայն, դա չի զսպել լրատվամիջոցի համառ ջանքերը շարունակել ընթերցողներին թյուրիմացության մեջ գցել:

Հրապարակված երկրորդ տեղեկատվությունը նույնպես հորինված է, այն պարզ պատճառով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակը կապարազերծվել և գույքագրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից և Դատական դեպարտամենտի համապատասխան պատասխանատուներից կազմված հանձնաժողովի կողմից, և ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է: Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովում ներգրավված չի եղել և գործընթացին ներկա չի եղել Գագիկ Ջհանգիրյանը:

Ավելին, երեկ Բարձրագույն դատական խորհուրդը և աշխատակազմը աշխատել են գերծանրաբեռնված օրակարգով. Խորհրդի նիստ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրություն, Արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու միջնորդությունների քննություն… Բոլոր նիստերը նախագահել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,-ասված է հերքման տեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել