Կոչ ենք անում չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները. Արցախի ՊԲ
12:20 - 19 ապրիլի, 2021

Կոչ ենք անում չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները. Արցախի ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը:
 
ՊԲ-ից անհրաժեշտ են համարել տեղեկացնել հետևյալը.
 
«Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:
 
Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:
 
Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:
 
Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:
 
Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել