Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին: Այս մասյին հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցել է Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները:

Նախարարը խոսել է Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սևան Ազգային պարկ»-ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարևորագույն խնդիրների մասին․

«Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդիրներից մեկը, գուցե նաև գլխավոր խնդիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սևանի ափամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսավարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպանման, այնպես էլ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու  տնտեսական արժեքը: Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկը, որոնք պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին»:

Շաբաթօրյակի աշխատանքների ավարտին նախարարն այցելել է «Սևան Ազգային պարկ»-ի Մարտունու տեղամաս՝ մասնակցելու մեծ ծառատունկի աշխատանքներին:

 

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի