2021 թվականի ապրիլի 15-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մակարդակը և ընդգծել է, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կարևորագույն միջազգային գործընկերից մեկը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Լաքոտը պատրաստակամություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը ու միջդատարանական հետագա փոխգործակցության զարգացմանն աջակցելու հարցում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են իրավունքի գերակայության և սահմանադրական արդարադատության ոլորտներում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի միջև բարեկամական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը: