Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության, Սյունիքի մարզի ներկայացուցիչների հետ այսօր քննարկել է Հայաստանի հարավում ԵՄ-ի աջակցության հնարավորությունները։

Առցանց քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անդրեա Վիկտորինին և մյուս բանախոսներին` չափազանց կարևոր թեմայի շուրջ քննարկում ծավալելու համար, ինչը նպատակաուղղված է Հայաստանի տնտեսական կայունացմանն ու զարգացմանը։ Վ․ Տերտերյանը հավելել է, որ Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում, և այդ առումով ձևավորվել է եվրոպական կառույցների հետ համագործակցության բավական լավ ավանդույթ, ինչը վստահություն է ներշնչում հետագա նախաձեռնությունների հաջողության հարցում։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Հայաստանի հարավում, մասնավորապես՝ Սյունիքում առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերի և այդ համատեքստում ԵՄ-ի ու ՀՀ-ի համագործակցության կարևորությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնակիցներին մաղթել է արդյունավետ և բովանդակալից քննարկում։

Վասիլիս Մարագոսը նշել է, որ Հայաստանի առջև համավարակով և պատերազմով պայմանավորված մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից կարևոր է համախմբել բոլոր ուժերը, ընդլայնել համագործակցությունը՝ օգտվելով բոլոր առկա հնարավորություններից և հասանելի գործիքներից, որոնք կնպաստեն երկրում մասնավոր հատվածի զարգացմանը, արդարադատության և այլ կարևոր ոլորտների բարեփոխումներին։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը ներկայացրել է մարզի տնտեսական առաջնահերթությունները, գերակա ուղղությունները և ոլորտները, ԵՄ ֆինանսավորմամբ ներկայումս իրականացվող ծրագրերը։ Նա առաջնային է համարել Արցախից տեղահանված և ներկայումս Սյունիքում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովվածության, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներին աջակցությունը։

Մասնակիցները քննարկել և կարծիքներ են փոխանակել նշված գերակա ուղղությունների և դրանց մասով առկա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախատեսվող հանդիպումների շուրջ։