Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների
18:01 - 16 ապրիլի, 2021

Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանք Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու պետական կառավարման տարբեր ինստիտուտների աշխատանքին՝ գիտելիքներն ու ձեռք բերած փորձը Արցախում ներդնելու և ի նպաստ Արցախի հզորացման ծառայեցնելու համար։

Հանրային ծառայողների հարցերի գերակշիռ մասը վերաբերել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ ձեռնարկվող միջազգային իրավական գործընթացներին և Հայաստան-Արցախ պետական մարմինների միջև համագործակցության խորացմանը։

Առաջին հարցի առնչությամբ նախարար Բադասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները, այնուհետև անդրադարձել իր կողմից Արցախ կատարված աշխատանքային այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հայկական երկու պետությունների պետական մարմինների աշխատակիցների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ուժերով ոլորտային բարեփոխումների իրականացմանը։

Նշենք, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայողների այցը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել