Ովքե՞ր են Լոռու մարզում հանք շահագործել ցանկացող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը
22:20 - 16 ապրիլի, 2021

Ովքե՞ր են Լոռու մարզում հանք շահագործել ցանկացող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը

Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» անունով մի կազմակերպություն ցանկանում է Լոռու մարզում հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ՝ ոսկու հանք բացելու նպատակով։ Մարզի այն գյուղերի բնակիչները, որոնց տարածքում ընկերությունը ցանկանում է հանք բացել, համայնքապետարանների կայքերից են տեղեկացել այդ մասին։ Այդ գյուղերի բնակիչները, ինչպես նաև բնապահպանները մտահոգություններ ունեն այս անհայտ ծագմամբ ընկերության գործունեության առնչությամբ։

ՀՀ իրավաբանական անձնանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ  «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2018-ին, ընկերության հասցեն Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում է։ ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատեր է չեխական «Mineral Ventures Invest» ընկերությունը։

«Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը Յիրժի Վոյտեխովսկին է (Jiří Vojtěchovský)։

Չեխիայի Հանրապետության առևտրային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ «Mineral Ventures Invest» ընկերությունը ևս հիմնվել է 2018-ին։ Ընկերության գործադիր տնօրեններն են Մարտինա Կորժինկովան (Martina Kořínková) և Դավիդ Մարաշեկը (David Marášek)։ Ընկերության հետ փոխկապակցված անձ է Յիրժի Վոյտեխովսկին («Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն):

Համաձայն Չեխիայի Հանրապետության առևրային ռեգիստրի տվյալների` Յիրժի Վոյտեխովսկին գործունեություն է ծավալել չեխական տարբեր կազմակերպություններում։ Օրինակ, 2017 թվականից նա Չեխ-ղրղզական առևտրի պալատի (Česko-kyrgyzská obchodní komora) նախագահն է։ Չեխ-ղրղզական առևտրի պալատի փոխնախագահը Միխայել Սմելիկն է (Michael Smelík)։ Առևտրի պալատը հիմնվել է 2017-ին։

Միխայել Սմելիկը «Liglass Trading» ընկերության գործադիր տնօրենն է։ Այս չեխական ընկերությունը հիմնադրվել է 2003-ին։

«Liglass Trading»-ի կայքից տեղեկանում ենք, որ 2013-ից ընկերության թիմին է միացել Յիրժի Վոյտեխովսկին՝ որպես գործընկեր ու Ասիաեվրոպական շուկայի տնօրեն։ Խոսելով Վոյտեխովսկուն ընկերությունում ներգրավելու պատճառների մասին՝ նշվում է, որ նա աշխատել է «ESI Eastern Investment» ընկերությունում, որտեղ նրա աշխատանքը կենտրոնացած է եղել Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ տարածքում (այդ թվում՝ Հայաստանում) ծրագրերի իրականացման վրա։

«Liglass Trading» ընկերության շուրջ Ղրղզստանում աղմուկ էր բարձրացել 2017-ին։ Պատճառն այն էր, որ այս ներդրումային ընկերությունը ցանկանում էր Ղրղզստանում հիդրոէլեկտրակայաններ կառուցել, սակայն այդ գործընթացն ի վերջո ձախողվեց։

Փորձենք կարճ ներկայացնել եղելությունը․ Ղրղզստանի կառավարությանը «Liglass Trading»-ի գործունեության համար երաշխավորել է Չեխիայի նախագահի կանցլեր Վրատիսլավ Մինարժը (Vratislav Minarj)։ Չնայած Ղրզղզստանում մտահոգություններ են հնչել այն առիթով, որ Մինարժը զբաղվել է «Liglass Trading»-ի լոբբինգով, կանցլերը նշել է՝ քանի որ «Liglass Trading»-ը չեխական է, ինքը ստուգել է ընկերության տվյալները Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունում, այնուհետև նամակ գրել Ղրղզստանի նախագահին։ Արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչն էլ չեխական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան հայտնել է, որ նախարարությունը «Liglass Trading»-ի համար Միրանժին երաշխավորություն չի ներկայացրել։

«Liglass Trading»-ի գործադիր տնօրեն Միխայել Սմելիկն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ինքն անձամբ չի ճանաչում Վրատիսլավ Մինարժին, և այն, որ Մինարժը երաշխավորել է «Liglass Trading»-ի համար, նշանակություն չունի, ընկերությունը Ղրղզստանում մասնակցել է բաց մրցույթի և հաղթել։ 

«Liglass Trading»-ը պարտավորվել է վճարել Ղրղզստանի կառավարության պարտքը «Русгидро» ընկերությանը: «Русгидро»-ի հետ Ղրղզստանը 2012-ին պայմանագիր է կնքել այդ երկրում հէկեր կառուցելու համար, սակայն հետագայում Ղրղզստանի կառավարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը։ Հէկերի կառուցման համար «Liglass Trading»-ի հետ պայմանագիրը կնքվել է 2017-ին, սակայն «Liglass Trading»-ն այդպես էլ չի կարողացել վճարել ռուսական «Русгидро» ընկերության պարտքը։ Ղրղզստանի կառավարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը «Liglass Trading»-ի հետ, վերջինս էլ իր հերթին մեղադրանքներ է հնչեցրել երկրի կառավարության հասցեին։

Դժվար է այս փոխադարձ մեղադրանքների մեջ հասկանալ, թե ով է եղել մեղավորը, սակայն փաստացի «Liglass Trading»-ին չի հաջողվել Ղրղզստանի կառավարության պարտքը մարել և հէկերի կառուցումն իրականացնել։

Ե՛վ «Liglass Trading»-ի կայքում, և՛ չեխական առևտրային ռեգիստրի կայքում ընկերության գործունեության վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2017-ին։

Հենց նույն Յիրժի Վոյտեխովսկին, որը «Liglass Trading» ընկերությունում և Չեխ-ղրղզական առևտրի պալատում եղել է Միխայել Սմելիկի գործընկերը, ՀՀ Լոռու մարզում հանք բացելու մտադրություն ունեցող «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

«Mineral Ventures Invest»-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը մտադիր է Արևելյան Եվրոպայում և Արևմտյան Ասիայում հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, մասնավորապես՝ թանկարժեք և գունավոր մետաղներ փնտրել։

«Mineral Ventures Invest»-ի գործադիր տնօրեններից Դավիդ Մարաշեկը եղել է 2015-ին հիմնադրված «Zlato as» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ «Zlato as»-ը հիմա համագործակցում է «Mineral Ventures Invest»-ի հետ: «Zlato as»-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունը զբաղվում է ոսկու առևտրով։

Մինչև այս տարվա փետրվարը Յիրժի Վոյտեխովսկին եղել է «Mineral Ventures Invest»-ի կանոնադրական մարմնի անդամ և գործադիր տնօրեն, սակայն փետրվարից նա այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնները։ Այս պահին նա, ինչպես արդեն նշել ենք, «Mineral Ventures Invest»-ի դուստր կազմակերպության՝  «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ Վոյտեխովսկին նաև շարունակում է զբաղեցնել Չեխ-ղրղզական առևտրի պալատի նախագահի պաշտոնը։

«Լուսաջուր Վենչրզ Ինվեստ»-ը կշահագործի՞ Լոռում ոսկու հանք, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ։ Համաձայն «Հայկական բնապահպանական ճակատ»-ի հրապարակած վերջին տեղեկությունների՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի գյուղերում, որոնց տարածքում ընկերությունը մտադիր է հանք շահագործել, բնակիչներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել, և չեն կայացել հանքի շահագործման թեմայով նախատեսված հանրային լսումները։

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել